Լուսանկարում Դադիվանքի առաջին պատկերն է՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից: Արցախում հայկական հազարավոր հուշարձաններ անմահացան նաև Կարապետյանի շնորհիվ:
Աշոտ Հակոբյան, Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ - Գոնե թղթի վրա փրկված են, ասում էր: Այսինքն՝ այն հուշարձանները, որոնք հասցրել են լուսանկարել, չափագրել, գոնե լավագույն արխիվային փաստագրական նյութ են ծառայում:
Փաստագրական այս նյութերն ու պատմություններն են նաև, որ ապացուցել են՝ ինչպես է Ադրբեջանը շարունակ կեղծարարությամբ զբաղվել, հուշարձանները վերանորոգելու անվան տակ ջնջել հայկական հետքը՝ արձանագրությունները մաքրել, աղվանական անվանել։
Աշոտ Հակոբյան - Այստեղ խնդիրը հետևյալն է. մենք պիտի պատմական հիմքով իրենց դեմ պայքարենք: Եթե իրենք կեղծ վարկածներ են առաջ բերում, մենք պիտի ճշմարտությունը բերենք ջրի երես:
Ճիշտն ու պատմականը ջրի երես հանելու համար հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 40-ից ավելի ճամփորդություն է իրականացրել միայն Արցախ ու Աղվանք, գյուղ առ գյուղ շրջել, հայկական ամեն քար ու տառ արձանագրել: Այն, ինչ ադրբեջանցիները չեն կարողացել իրենցով անել, փորձում են անել քրիստոնյա ուդիների ձեռքով:
Աշոտ Հակոբյան - Ադրբեջանը եթե այդպես պաշտպանում է քրիստոնյա ուդիներին, այդ ինչպե՞ս եղավ, որ 88-ին բռնագաղթի ենթարկեցին: Հիմա նույն ուդիներին կարող են հավաքել, ասել՝ Դադիվանքը ձերն է:
Դադիվանքում հիմա հայի աղոթք է: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները շարունակում են պահել, պահպանել հայկականը: