2020-ի օգոստոսի 26-ի պայթյունից արթնացած Ռայնիսի 1 հասցեի բնակիչները դեռ չլուծված խնդիրներ ունեն: Բնական գազի արտահոսքից պայթած շենքն ապամոնտաժելու համար Կառավարությունը 182 միլիոն դրամ հատկացրեց 12 ընտանիքի բնակարան գնելու, ավելի քան 31 միլիոն էլ՝ շենքի մյուս չորս շքամուտքի անվտանգությունն ապահովելու համար: Մոտ մեկ տարի անց այստեղ հասցրել են միայն տանիքը բետոնել:
Կարինե Գևորգյան (շենքի բնակիչ) - Մեծ հավատով սպասում էինք, բայց նորից ձգձգվելով, ու մարդ չկա աշխատող: Վախով ենք ապրում: Անձրևային եղանակին էլ քարեր էր թափվում վերևից, ու ամբողջ հոսքը լրիվ էդ պատերով ու խոնավ, մեր պատը խոնավ է:
Խոնավ է ոչ միայն տիկին Կարինեի, այլև մյուսների բնակարանները: Ուժեղ պայթյունը մասնակի փլուզել էր քառահարկ շենքի 5-րդ շքամուտքը, իսկ հարևան մուտքերի բնակարաններում ճաքեր առաջացրել: Մասնագետները որոշել են փոխել ամբողջ տանիքը և ամրակայել պատը:
Արտակ Ապրեսյան (շինարարական ընկերության տնօրեն) - Բնակիչները դժգոհում են, որ շատ արագ չի վերականգնվել տանիքը, բայց կա պրոցես, որի հետ պետք է հաշվի նստենք: Այսինքն՝ բետոնի չորացման աշխատանքներ, որից հետո փայտի հիմնակմախքի աշխատանքներ, նոր ամենավերջում մետաղե թիթեղապատումը պետք է արվի:
Տանիքի ընդհանուր բետոնն արդեն արել են, բայց այն անձրևից չի պաշտպանում: Խոնավությունը վնասում է մարդկանց բնակարանները:
Լուիզա Չիլինգարյան (շենքի լիազոր) - Երկու ննջարաններս թրջեցին, թափվեցին պաստառները, խոհանոցում, որտեղ խողովակներն են միանում, մեկ էլ՝ բալկոնում: Բան չեմ ասում, էն տղեն ինչ իմանար, որ անձրև կգա, թրջեց, ինձ ահագին վնաս է տվել:
Բնակիչները կառուցապատողին են իրավիճակը ներկայացնում ու դժգոհում՝ շինարարները դանդաղ են աշխատում, բնակարան առ բնակարան մտնում, ցույց տալիս հետևանքները:
Արտակ Ապրեսյան - Մենք ունենք միջպանելային արանքներ, էդ արանքներից ջուրը Ճանապարհ Է գտել, հորդառատ Է եղել շատ անձրևը, վնասել Է մի փոքր: Անպայման բոլոր բնակիչների տանը հարդարման աշխատանքներ կիրականացվեն, կվերականգնենք:
Ռայնիսի բակ շինարարի հետ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետն էլ էր եկել: Արարատ Ավետիսյանը տարեսկզբից անձամբ է հետևում շինաշխատանքներին, ասում է՝ կառուցապատողի հետ խնդիրը քննարկել են, աշխատանքը դանդաղ են անում, բայց որակով:
Արարատ Ավետիսյան (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ) - Տանիքի վերանորոգումը չէր կարող 5 օրում լիներ, ժամանակ ա, իրենք էլ ամեն ինչից նեղված չեն համբերում ավարտը, բայց ամեն ինչ նորմալ իր հունով գնում է:
Մրցույթում հաղթած շինարարական ընկերությունն ըստ պայմանագրի՝ պետք է ապամոնտաժումն ավարտի մինչև նոյեմբերի 10-ը, կառուցապատողը մինչդեռ բնակիչներին խոստանում է՝ վաղվանից վերսկսել աշխատանքներն ու մեկ ամսվա ընթացքում ավարտել շինարարությունը: