Կնոջ և տղամարդու կերպարների փոխարեն այժմ մետաղյա ջարդոն է: Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» 6-տոննայանոց պղնձե քանդակից մնացել է այսքանը: Հաջորդ տարվանից Կառավարության որոշմամբ քանդակն իր վերականգնված տեսքով բարի ճանապարհ կմաղթի Սևան-Երևան մայրուղով երթևեկողներին:
Բացի վանդալիզմի ենթարկվելուց՝ արձանի վիճակը նաև բնակլիմայական պայմանների պատճառով է վատթարացել: Դրա համար 2014-ին այն ժամանակ Մշակույթի նախարարությունը քանդակին տվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, բայց միայն 2019-ին են Կառավարության որոշմամբ մշակվել նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Այս տարի արդեն էլի ԿԳՄՍ-ի պատվիրակմամբ իրականացվել են մրցույթներ՝ շինարարական և վերականգնման: Արձաններն այժմ գտնվում են վերականգնման փուլում:
Վերականգնվում է նաև «Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակը: ԿԳՄՍ նախարարությունը նախորդ տարվա բյուջեից մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար հատկացրել է շուրջ 422 մլն դրամ:
Հարություն Վանյան - Բացի արձանի վերականգնումից՝ նախատեսվում է նաև իրականացնել դրա ցանկապատումը, ճեմուղիներ կառուցել, նստարաններ տեղադրել, այսինքն՝ նաև ապահովել այնպիսի մինիմալ պայմաններ, որ զբոսաշրջիկնեչրը կարողանան որոշ ժամանակ անցկացնել արձանի տարածքում:
«Անվերջության ժապավենի» վերականգնմամբ զբաղվող քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը նշում է՝ վերականգնված քանդակը կլինի պղնձից, որևէ փոփոխություն անել չեն պատրաստվում:
Ռաֆայել Մանուկյան (քանդակագործ) - 90 տոկոսով պահպանվում է այն, ինչ եղել է: Մաքսիմալ պահպանվելու է Դավիթ Բեջանյանի և՛ ձեռագիրը, և՛ նյութերը, ինչով աշխատել է, կոմպոզիցիաների փոփոխություններ չեն լինելու:
Արձանը վերականգնելը հեշտ չէ, հատկապես երբ այն երբեք չի չափագրվել: Դրա չափերի մասին պատկերացումներ կազմել են նկարների, կմախքի և արձանի միակ չգողացված հատվածի՝ կնոջ մարմնի 30 տոկոսի շնորհիվ:
Հարություն Վանյան - «Արձագանք» քանդակը, կարելի է ասել, ամբողջությամբ գոյություն չուներ և զրոյից է վերականգնվում, անվերջության արձանը բաղկացած է երկու կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից: «Ժապավենը» տեղում առկա է, ուղղակի պետք է վերականգնվի:
Արհեստանոցում արդեն պատրաստ է կնոջ հատվածի աշխատանքային՝ գիպսե տարբերակը: Պետք է դրա չափերին ու ձևին համապատասխանեցնել պղնձե թերթերը: Իսկ մինչ այդ այլ աշխատանք է արվում:
Ռաֆայել Մանուկյան - Հիմա արվում է պղնձի ֆակտուրան, այսինքն՝ նյութի վերջնական տեսքի բերելը: Հետագայում այս լիստերը հավաքվելու են քանդակի վրա, այսինքն՝ դրվագման աշխատանքների պրոցես է սա:
Մի կերպարի վրա տարվող դրվագման աշխատանքը տևում է 3-4 ամիս՝ նշում է քանդակագործն ու հավելում, մի քանի տարի անց քանդակների վերականգնումը շատ ավելի բարդ է լինելու, խնդիր ենք ունենալու մոնումենտալ գործերի մեծացման գործում:
Ռաֆայել Մանուկյան - էս քանդակի դրվագող վարպետը Ներսես Չարխչյանն է, որը մասնակցել է ժամանակին օրիգինալ գործի դրվագման աշխատանքին: Մեծացնող վարպետները Գագիկ Մանսուրյանն ու Ռուբեն Ավետիսյանն են: Հին դպրոցից մնացած վարպետներն են, որոնցից հետո մենք շարունակող չունենք:
Վարպետները նշում են՝ վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ ու հույս հայտնում, որ ոչ թե աշխատանքների ավարտից հետո տարածքում տեղադրված տեսախցիկները, այլ սեփական երկրի ու արվեստի հանդեպ սերը մարդկանց կստիպի չգողանալ ու չփչացնել: