Ուժեղ պայթյուն է որոտացել Թեհրանի ազգային զբոսայգում՝ գրում է Al Arabya-ն: Առայժմ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չկան, ոստիկանության և հրշեջ բրիգադները հետաքննություն են անցկացնում:
Միջադեպի պատճառներն անհայտ են, պարզ չէ, թե ինչ առարկա է պայթել, զոհեր չկան: Պարզ չէ նաև՝ պայթյունն ահաբեկչական հարձակո՞ւմ է եղել, թե՞ ոչ: Թեհրանի նահանգապետի տեղակալը, որն զբաղվում է անվտանգության հարցերով, հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել դեպքի առիթով:
Արաբական լրատվամիջոցը նկատել է, որ Իրանում հարձակումները հազվադեպ են լինում, սակայն վերջին տարիներին թիրախավորվել են մի շարք ռազմական ու միջուկային օբյեկտներ:
Թեհրանը Իսրայելին է մեղադրել միջուկային ծրագրի հետ կապված իր օբյեկտների և գիտնականների վրա մի քանի հարձակումների համար: Իսրայելը ո՛չ հերքել, ոչ էլ հաստատել է մեղադրանքները:
Jerusalem Post-ն էլ նշել է, որ պայթյունի մասին հաղորդագրություններն ստացվել են Իրանի երկաթուղային ենթակառուցվածքների վրա լայնամասշտաբ կիբեռհարձակումից մի քանի ժամ անց: Հարձակման հետևանքով առաջացել են գնացքների չվերթերի հետաձգումներ, խափանվել է աշխատանքը տոմսարկղերում ու կայքում: Բացի դրանից՝ հաքերները հրապարակել են Իրանի գերագույն իշխանության ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեիի հեռախոսահամարը և հայտարարել, որ դրան կարող են զանգահարել գնացքների երթևեկության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: