Գյուղացու տրակտորից մինչև բիզնեսի հոսքագիծ լիզինգով տրամադրող ֆինանսական 8 կազմակերպություն Հայաստանում միավորվել, Լիզինգատուների ասոցիացիա է հիմնադրում։ Նպատակը շուկան մեծացնելն է․ մեր երկրում, պարզվում է, դեռ քչերը գիտեն, որ հատկապես տեխնիկա-սարքավորում գնելու համար ձեռնտու է ոչ թե վարկ վերցնելը, այլ լիզինգից օգտվելը; Այս դեպքում գրավ դառնում է ձեռքբերվող ապրանքը։ Պատվիրատուն այն օգտագործում է ու ժամանակի հետ մարում պարտքը։ Այնպես որ՝ լիզինգը տնտեսությունը տեխնիկապես թարմացնելու ամենակարճ ճանապարհն է՝ պնդում է նորաստեղծ կառույցի նախագահը։
Արսեն Բազիկյան (Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ) - Մենք տեխնոլոգիաների հետևից պետք է կարողանանք հասնել, ու դա՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Դա թելադրում է հիմնական միջոցների թարմացում-արդիականացում: Եթե դա չանենք, հետ ենք մնալու, իսկ լիզինգը դրա լավագույն գործիքն է, ու ՀՆԱ-ի վրա ուղղակի ազդեցություն թողնող ֆինանսական գործիքներից մեկն է:
Առավելություններից անկախ՝ հայաստանյան ֆինանսական շուկայում լիզինգի բաժինը շարունակում է փոքր մնալ։ Դեռ միայն աճի տեմպը գոհացնող է՝ անկեղծանում են Կենտրոնական բանկից։
Հովհաննես Խաչատրյան (ՀՀ ԿԲ խորհրդի անդամ) - Այս պահին մոտ 50 մլրդ դրամի լիզինգի պորտֆել կա՝ բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվեկշիռներում, պորտֆելն աճում է մոտ 50 տոկոս տարեկան:
Շուկայում հիմա մինչև 200 մլրդ դրամի լիզինգի պոտենցիալ կա՝ իր կազմակերպության թվերից ելնելով գնահատում է Արսեն Բազիկյանը։ Հույս ունի՝ լիզինգի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա նաև էկոնոմիկայի նախարարության առաջարկած այգեպանին մատչելի գյուղտեխնիկա, պահածոյագործին հոսքագիծ տրամադրող պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ։
Արման Խոջոյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 19-ի համեմատ 20 թվականին երկու անգամ աճել է լիզինգի պորտֆելը։ Նախորդ տարվա ծավալը 8 մլրդ դրամ է, տրամադրվել է 950 միավոր գյուղտեխնիկա ու ագրովերամշակման տեխնիկա:
Չէին հասցրել ներկաները ասոցիացիայի հիմնադրման պատվին բաժակ բարձրացնել՝ կառույցին միանալու-անդամակցելու նոր հայտ ստացան։