2022 թվականից Հայաստանում կլիցենզավորվեն նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները: Կրթական համակարգի լիցենզավորումը մեկնարկել է դեռ 2000 թվականին, այսինքն՝ պետության կողմից հաստատված բոլոր կրթական ծրագրերը ՝ հանրակրթական, նախադպրոցական, բարձրագույն բուհական, քոլեջային և ուսումնարանային ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ նշում է նախարարության լիցենզավորման գործակալության պետը: Սակայն խնդիր առաջացավ, երբ ստեղծվեցին հաստատություններ, որոնք իրականացնում են ոչ թե նախադպրոցական կրթական ծրագրեր, այլ մատուցում են նախադպրոցական տարիքի երեխաների համար ծառայություններ՝ խնամք, հոգածություն, կրթություն, զարգացման ծրագրեր:
Աշոտ Արշակյան (ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ) - Կարծես ստեղծվել էր մի իրավիճակ, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվում է աշխատանք, մատուցվում են ծառայություններ, բայց դրանք պետության վերահսկողությունից դուրս են: Դրա համար օրենքի ընդունումից հետո, և օրենքի անցումային դրույթներն էլ ասում են, որ այդ հաստատությունները ենթակա են լիցենզավորման:
Արշակյանի խոսքով՝ նախարարությունը ներկա պահին քննարկում է լիցենզավորման չափորոշիչների հարցը. գործընթացը բավական դժվար է ու տևական ժամանակ է պահանջում:
Աշոտ Արշակյան - Բոլոր մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին դիմել ենք՝ հասկանալու համար՝ այդ հաստատություններն ինչպիսի ծառայություններ են մատուցում: Դրանք նախ պետք է խմբավորվեն, հասկանանք դրանց թվաքանակը՝ առհասարակ որքան են ՀՀ-ում:
Լիցենզավորման գործակալության պետը չի բացառում, որ շատերը կփորձեն անօրինական գործունեություն ծավալել, բայց լիցենզավորումից հետո անգամ ժամանակ առ ժամանակ ստուգայցեր լինելու են, վերահսկողություը խիստ է լինելու. գործընթացն իրականացնելու են Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցելով:
Երևանում նոր բացված զարգացման կենտրոններից մեկի տնօրենը նշում է՝ օրենքն ավելի վաղ էր պետք ընդունել, լիցենզավորումից հետո ծնողներն ավելի հանգիստ կկարողանան երեխաների խնամքը, կրթությունը վստահել որևէ հաստատության:
Մարիամ Գևորգյան (զարգացման կենտրոնի տնօրեն) - Չի կարող ցանկացած մեկը, որ որոշել է, որ ցանկանում է բացել զարգացման կենտրոն և աշխատել երեխաների հետ, բացի և սկսի աշխատել: Ինչ-որ նորմեր կան, կանոններ կան, որ երեխաների հետ աշխատելուց պետք է պահպանվեն, հետևաբար մենք կողմ ենք:
Եթե կրթական հաստատությունը, որը նախադպրոցական տարիքի երեխաներին որոշակի ծառայություններ է մատուցում, պատրաստ է պահպանել պետության սահմանած կանոնները և արդեն իսկ աշխատում է այդ կանոններով, չպետք է վախենա լիցենզավորման գործընթացից՝ ասում է Մարիամ Գևորգյանը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան