Դիտարկենք, թե ինչ որոշում կարող է ընդունել Սահմանադրական դատարանը քննության արդյունքում: Առաջին տարբերակով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը ՍԴ-ն կարող է թողնել ուժի մեջ, երկրորդ տարբերակով կարող է անվավեր ճանաչել՝ այս դեպքում կա՛մ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ, կա՛մ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։
Իսկ ընտրության վերջնական արդյունքների մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել էր դեռ հունիսի 27-ին, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր քվեների 53,91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21,09 տոկոսը, «Պատիվ ունեմն» էլ՝ 5,22-ը:
Ըստ հանձնաժողովի՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի ուժով խորհրդարան անցած «Պատիվ ունեմ»-ը՝ 7։
Նորընտիր ԱԺ-ը առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։
Առաջին նիստը գումարվում է Ազգային ժողովի ձևավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը: 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստի մեկնարկի պահին դադարած կհամարվեն 7-րդ գումարման ԱԺ-ի լիազորությունները: