Երիտասարդ արևելագետների 41-րդ գիտաժողովը նվիրված էր պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի հիշատակին: Ակադեմիկոսները փաստում են՝ եզակի պատմաբանն էր, որ 50 տարում ստեղծեց պատմագիտական հարուստ ժառանգություն՝ նոր էջեր բացելով պատմության դեռևս չբացահայտված ժամանակաշրջանների համար:
Յուրի Սուվարյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս - Լավ է, որ չի մոռացվել այդ մարդու ավանդն այս ինստիտուտի և գիտաժողովների կազմակերպման, նաև պատմագիտության զարգացման գործում:
Իր կյանքի ընթացքում կատարեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Գլխավոր առավելությունը՝ ձեռնամուխ էր լինում այն ոլորտների և խնդիրների ուսումնասիրությանը, որոնք պատմագիտության մեջ բաց էին մնացել:
Արտակ Մովսիսյան - Մեզ համար շատ կարևոր է հայագիտության քարոզչությունը, որովհետև թուրք-ադրբեջանական քարոզչությունն ամբողջ աշխարհով պայքարում է հայության դեմ:
Արտակ Մովսիսյանը հայոց պատմությանն ավելացրեց ևս 2000 տարի։ Խորհրդային տարիներին հայոց պատմությունը հաճախ սկսում էր ք.ա. 6-րդ դարից, անգամ Վանի թագավորությունը հայկական չէր համարվում, քարոզվում էր հայերի եկվորության գաղափարը։ Համակարգը, որ ստեղծեց Արտակ Մովսիսյանը, ապացուցեց՝ հայոց պատմությունն ավելի հին է՝ ք.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ:
Արտակ Մովսիսյան - Մենք պետք է զինված լինենք գիտելիքներով, առաջ՝ մենք, և կարողանանք օտարներին օտար լեզուներով մատուցել մեր ճշմարտությունները:
Երկար տարիներ Սփյուռքի հայկական կրթօջախներում լեզվի և պատմության դասագրքի մշտական պահանջը լրջագույն խնդիր էր, Արտակ Մովսիսյանն ստեղծեց հայոց պատմության դասագիրք: 2011-ին պետպատվերով հրատարակված ձեռնարկն անվճար բաժանվեց սփյուռքի դպրոցներին: 2012-ին հրատարակվեց գրքի արևմտահայերեն, 2013-ին՝ ռուսերեն, հետո՝ անգլերեն և ֆրանսերեն օրինակները: Մեկ այլ՝ պատկերազարդ տեղեկատու հայոց պատմության ձեռնարկը հասցեագրված է ոչ հայախոս հայերին ու այլազգիներին:
Արտակ Մովսիսյան - Մեր նպատակը ոչ թե համապարտադիր մեկ ձեռնարկի ստեղծումն է, այլ միևնույն սկզբունքներով համայն հայության համար՝ ըստ տվյալ համայնքի պահանջների:
Երկու տասնյակից ավելի պատմագիտական մենագրությունների, ինը փաստագրական ֆիլմերի և ավելի քան չորս տասնյակ գիտական հոդվածների հեղինակի վերջին գիրքը համաշխարհային պատմության մեջ հայոց պատմության շարադրանքն էր:
Սեպտեմբերին համալսարանի հայոց պատմության ամբիոնում նախատեսվում է անցկացնել գիտաժողով, որտեղ ուսանել, դասախոսել և ամբիոնի վարիչն է եղել պատմաբանը: Արտակ Մովսիսյանը մահացավ համավարակից՝ 2020-ին: