Մեր վերջին նկարահանումից հետո Բեժանյանների ընտանիքում շատ բան չի փոխվել: Միայն թե նրանց երջանկությունն ավելացել է ևս 5 կիլոգրամով: Այդ երջանկությանը Եվա են կոչել:
Գոհար Բեժանյան (բազմազավակ մայր) - Պատկերացրեք՝ արդեն տարբերությունը չեմ զգում շատության, երեխան էլ խելոք է, նեղություն չի պատճառում:
Որտեղ 12-ը, այնտեղ էլ 13-ը: 13-րդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո ընտանիքում էլի նույն աշխուժությունն է, նույն եռուզեռը, տարբերությունը մեծ չէ, պարզապես Գոհարն ու Գևորգը այդ եռուզեռը հաջող կառավարելու և այսքան մեծ ընտանիք կազմելու համարձակության համար ծնողական փառքի մեդալի են արժանացել: Մեդալը դեռ չեն ստացել, բայց նախագահի հրամանն են տեսել:
Իրենց նոր կարգավիճակի մասին էլ լրատվամիջոցներից են իմացել:
Գոհար Բեժանյան - Ամսի 5-ին, երբ հրամանը եղել էր, լրատվամիջոցներից մեկը եկել է, մենք իրենցից ենք իմացել:
2019-ին էին իմացել, որ 8 ընտանիք արժանացել է ծնողական փառքի մեդալի: Գոհարն անկեղծանում է, թե՝ մենք էլ էինք սպասում: Մեդալի դեպքում փառք բառը չէ, որ գայթակղել է Բեժանյան զույգին, պարզապես գիտեն, որ նոր օրենքով օգոստոսից այդ մեդալակիրները յուրաքանչյուր ամիս պետությունից 100 հազար դրամ պարգև են ստանալու՝ մինչև կյանքի վերջ:
Գոհար Բեժանյան - Տան խնդիր ունենք, մշտական աշխատանքի խնդիր ունենք:
Մինչև լրատվամիջոցներն իրենց դուռը չթակեցին, Բեժանյանների խնդիրների մասին ոչ ոք չիմացավ: Աշխատասեր են, աշխատել են, առանց երեխաների թիվը դրոշակ դարձնելու՝ անտրտունջ ապրել: Հիմա էլ շատ են ուզում ընտանեկան մի բիզնես հիմնել: Ծնող թե երեխա առավոտից արթնանում են, համերաշխ, անխափան մեխանիզմի պես ամեն մեկն իր գործը գիտի, ամեն ինչ ընթանում է հարթ ու առանց խափանումների: Ամուսինները վստահ են, որ ընտանեկան բիզնեսի դեպքում էլ այդպես կհաջողեն:
Գոհար Բեժանյան - էս տունը, որտեղ մենք ապրում ենք, շատ հարմար է: Ներքևում տեղ կա, եթե մերը լիներ, մենք էնտեղ մի բան կդնեինք, մի բան կձեռնարկեինք, կանեինք:
Տունը մեծ բակ ունի, որի մի դուռն էլ հիմնական ճանապարհի կողմից է բացվում: Հարմար է թե՛ սննդի կետ բացելու համար, թե՛ մեկ այլ բանի՝ ասում է Գոհարը, բայց եթե տունը իրենցը լիներ: Սեփականատերը վաճառում է այն: Մտածում են. իսկ եթե հանկարծ բիզնեսը սկսեն ու տունը վաճառվի՞:
Մի խոսքով՝ Բեժանյանների բոլոր ջանքերն ու երազանքները հիմա այս տունը գնելու հետ են կապված: Ուրիշ տեղ այս մեծ ընտանիքին նույնիսկ վարձով տուն չեն ցանկանում տալ: Մինչ ընտանիքի հայրը աշխատանքի է, տանը ժամացույցի սլաքների նման ամեն մեկն իր գործն է անում:
Գոհար Բեժանյան - Մեծ ընտանիքներում ընդունված է, որ մեծերը փոքրերին խնամում են, բայց իրանք դա անում են սիրով, ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը տրտնջալով իր քույրիկի, եղբոր խնդրանքին կամ անհաժեշտությանը արձագանքի:
Ինքը՝ Գոհարն էլ, որ ընդամենը 39-ում արդեն 13 անգամ ծննդաբերել է, ասում է՝ ուժով լի եմ, եռանդուն:
Գոհար Բեժանյան - Ամեն բալիկի հետ ավելի եմ թարմանում:
Եվ անցած անգամ Գոհարին տված՝ արդեն ավանդույթի ուժ ստացած հարցը համարձակվեցինք նորից հնչեցնել՝ էլի՞ եք այդ կարծիքին, որ սա էլ կարող է վերջինը չլինի:
Գոհար Բեժանյան - Հնարավոր է, որ վերջինը չլինի, առողջ ընտանիք ենք, առողջ բալիկներ ենք ունենում:
Այնպես, որ, սպասեք, մեկ տարի անց Բեժանյանների ընտանիքի հետ գուցե նորից հանդիպենք: