ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նիդերլանդների արտգործնախարարության «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ: Համաձայն նոր որոշման՝ Նիդերլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են Covid-19 թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման՝ նախկինում գործող պահանջներից։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՅԴԵՆ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը տևել է մեկ ժամ: Բայդենն ու Պուտինը քննարկել են կիբեռանվտանգության հարցերն և իրավիճակը Սիրիայում։ ԱՄՆ-ը կկիրառի ցանկացած միջոց իր քաղաքացիներին ու կենսական կարևոր ենթակառուցվածքները հաքերներից պաշտպանելու համար՝ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարն ու Պուտինին փոխանցել ԱՄՆ 16 կազմակերպության ցանկ, որոնք համարվում են կարևոր ենթակառուցվածքներ, և որոնց վրա հարձակումները Վաշինգտոնն անընդունելի է համարում: Պուտինը պնդել է, որ աշխարհում կիբեռհարձակումների մեծ մասն իրականացվում է ԱՄՆ-ից, և որ հակառուսական ակնարկները հարկ է դադարեցնել։
ՖՐԱՆՍԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԻ ԶՈՐՔԸ ՄԱԼԻԻՑ
Ֆրանսիական ռազմական հրամանատարությունը մինչև տարեվերջ կփակի իր բազան Մալիում՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ գործընթացը կավարտվի 2022 թվականի սկզբին: Ավելի վաղ Մակրոնը զգուշացրել էր, որ Ֆրանսիան հետագայում ներկա ծավալով չի պայքարի Մալիում ահաբեկիչների դեմ: Նա բացատրել էր, որ ֆրանսիացի զինվորականների ջանքերն այնտեղ բավարար չեն, երկրի իշխանություններն էլ պետք է ակտիվորեն օգնեն ծայրահեղականներից ազատագրված շրջանների բնակիչներին: Մակրոնի կարծիքով, սակայն, դա տեղի չի ունենում Մալիում:
ՀԱՅԻԹԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ Է ԽՆԴՐԵԼ ՄԱԿ-ԻՑ
Հայիթիի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ երկրում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո իրադրության կայունացման համար զորք ուղարկելու խնդրանքով։ Իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ին աջակցել ոստիկանության ջանքերին և հանրապետության ամբողջ տարածքում վերականգնել անվտանգությունն ու հասարակական կարգը: Խաղաղապահ ուժերի ուղարկմանը պետք է հավանություն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Ավելի վաղ, Հայիթիի իշխանությունները մոտ 500 զինծառայողների տեղակայման հարցով դիմել էին Վաշինգտոնին, սակայն ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին։ Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել է երկրի նախագահի պաշտոնակատար: