Բարեկամության նոր կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև: Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են կամրջի շինարարական աշխատանքները: Շինարարության ծրագրի ղեկավարի խոսքով՝ գործող կամուրջը տեխնիկապես ի վիճակի չէ սպասարկել ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալները:
Իզաբելլա Մուրադյան (կամրջի շինարարության ծրագրի ղեկավար) - Ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և տեխնիկապես ավելի հագեցած ենթակառուցվածք ունենալը։
Գործող կամուրջը պահպանվելու է՝ խցանումների դեպքում ծառայելով որպես այլընտրանքային ճանապարհ։ Կառուցվելու է երկու առանձին նոր կամուրջ՝ երկու ուղղությունով, իրարից 1 մ հեռավորությամբ: Երկու կամուրջների երկարությունը կլինի 160 մետր, ընդհանուր լայնությունը՝ մոտ 25 մետր (24.7 մ, յուրաքանչյուրինը՝ 11.85 մ):
Կամուրջը նախագծել և շինարարությունն իրականացնում է իրանական ընկերությունը:
Բեհնուդ Յուսեֆյան (կապալառու ընկերության ծրագրի ղեկավար) - Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ, արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Տեխնիկական վերահսկողությունն իրականացնելու է կորեական ընկերությունը:
Յոնգ Վի Լի (տեխնիկական վերահսկողության թիմի ղեկավար) - Մենք շատ հարուստ փորձ ունենք տեղական և միջազգային նշանակության կամուրջների կառուցման ոլորտում: Մասնակցել ենք մոտ 100 կամրջի կառուցման գործընթացներում:
Կորեացի մասնագետը վստահեցնում է՝ կամուրջը կծառայի նվազագույնը 100 տարի: Կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Շինարարության արժեքը 7 միլիոն 300 հազար եվրո է։
Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Վրաստանի համար: Այն ընդգրկված է երկու երկրների կառավարությունների առաջնահերթությունների շարքում։
Նոր կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայությունն է՝ ասում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Իրակլի Կարսելաձե (Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար) - Մենք ավանդույթ ունենք՝ կամուրջները միասին ենք կառուցում: Շուրջ 200 մետր երկարությամբ այս կամուրջը անվանել ենք «Բարեկամության կամուրջ», որը բացվելու է հաջորդ տարի: Սա ենթակառուցվածքների առումով լավագույն ծրագիրն է, որը հայ և վրացի ժողովուրդների բարեկամության վկայությունն է:
Սուրեն Պապիկյանը վրացի գործընկերոջը պատմում է՝ աշխատանքներ են տարվում նաև դեպի Գոգավան տանող ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ։ Այս տարի շինաշխատանքները կավարտվեն։ Այս պահին Հայաստանը կառուցում է շուրջ 40 կմ ճանապարհ, գործընկերները նախորդ տարի արդեն կառուցել են իրենց հատվածը։
Միջոցառման ավարտին Պապիկյանն ու Կարսելաձեն խորհրդանշական նվերներով են փոխանակվում: Հանդիսավոր մեկնարկը տրվեց հայկական կողմում, հայ և վրացի գործընկերները պայմանավորվեցին՝ կամրջի շահագործումը կազդարարեն վրացական կողմում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան