Սահմանադրական դատարանն առավոտից շարունակում է հունիսի 20-ի ընտրության արդյունքների վիճարկման գործով միավորված քննությունը:
Նիստի մեկնարկին դատարանը նախ հրապարակեց Հրայր Թովմասյանի՝ երեկ ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշումները: Դրանցից առաջինը, որը վերաբերում է օմբուդսմենի գրասենյակից արտահերթի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկավտության ստացմանը, բավարարվեց, մյուսը՝ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելուն՝ մերժվեց: Այս միջնորդությունների քննարկման ընթացակարգը, սակայն, դարձավ դատավորների բանավեճի պատճառը: Քննարկմանը չմասնակցած Արևիկ Պետրոսյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ ընթացակարգով են այդ որոշումները կայացվել:
Մոտ 40 րոպե տևած բանավեճից հետո կողմերն անցան «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի դիմումի քննարկմանը: Արամ Վարդևանյանը, շարունակելով երեկ ընդհատված ասելիքը, ներկայացրեց իր պնդմամբ նախընտրական փուլում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, ըստ նրա՝ զինծառայողներին ռազմական ոստիկանության հսկողությամբ բերել են ընտրատեղամաս, իսկ նրանց քվեարկության վայրերը գաղտնի են պահվում։ Բացի այդ, 109.618 քաղաքացու անձնգրի տվյալներ համակարգ են ներմուծվել ոչ թե էլեկտրոնային, այլ հանձնաժողովի անդամի կողմից: Վարդևանյանը ասաց՝ հնարավոր է՝ մասնագետը սխալ տվյալներ լրացրած լինի: Ամփոփելով խոսքը՝ դիմատուն շեշտեց՝ դատարանն ունի բոլոր հիմքերն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Վարդևանյանին հարց ուղղեցին 9 դատավորից 5-ը: Հրայր Թովմասյանը, ի թիվս այլ հարցերի, խնդրեց պարզաբանել՝ ինչո՞ւ է դիմող կողմը պնդում, թե հրաժարական տված վարչապետի՝ որպես պաշտոնակատար մասնակցելը քարոզարշավին հանգեցրել է սահմանադրական ճգնաժամի։ Մտահոգիչ հանգմանքը պաշտոնակատար մնալը չէ, այլ այդ կարգավիճակում վարչական ռեսուրս օգտագործելը՝ հստակեցրեց Արամ Վարդևանյանը;
Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ընտրական ենթադրյալ խախտումներին վերաբերյալ քանի՞ հայց է ներկայացվել դատարան: Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր դատախազություն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացվել են մշտապես՝ ներառյալ ընտրության օրը, մինչդեռ վարչական դատարան չեն դիմել: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդեց նաև, որ իրենց քաղաքակն ուժի ներկայացուցիչներին անհիմն հրավիրել են իրավապահ կառույցներ: Սա, ըստ նրա, քաղաքական հետապնդում է եղել: Դատավոր Արթուր Վաղարշյանը խնդրեց թիվ նշել, Վարդևանյանը, սակայն, դժվարացավ; Դիմումատուին հարց ուղղեց նաև որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը: Նա խնդրեց մատնանշել այն նորմը, որ թույլ կտար հրապարակել ընտրությանը մասնակցած զինծառայողների տվյալները:
Վարդևանյանն արդեն երկրորդ օրն է մեջբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում հնչեցրած խոսքերը՝ պնդելով, թե դրանք պաշտոնյաներին ճնշելու փորձ են եղել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը հենց այս մասին հարց ուղղեց:
Արտահերթի արդյունքները վիճարկող հաջորդ դիմումը ներկայացրեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը: Անցողիկ շեմը չհաղթահարած այս ուժի դիմումում ևս պնդումներ կան, թե նախընտրական փուլում վարչապետի պաշտոնակատարը, իրենց գնահատմամբ, բռնության կոչեր պարունակող հայտարարություններ է արել: Դիմումում անդրադարձ է կատավել նաև ընտրության օրվա հոսանքազրկումներին:
Օրվա ավարտին արդեն դատարանը քննեց «Հայոց հայրենիք» կուսակցությունը դիմումը: Նիստը կշարունակվի վաղը: