Ուրբաթ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի՝ հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս անհայտ կորած է համարվում 61 մարդ: Չորեքշաբթի օրվանից փրկարարներն այլևս չեն ակնկալում փլատակների տակ գտնել կենդանի մարդկանց, քանի որ փլուզումից շատ ժամանակ է անցել: Մարդիկ հույս ունեին ողջ մնացածների հայտնաբերել շենքի ավերակների մաքրումից հետո:
Սերֆսայդում բազմաբնակարան շենքի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ին: 2018-ին շենքի վիճակի մասին զեկույցում ինժեներները նշել էին, որ կառույցը «խիստ վնասված է» և վերանորոգման կարիք ունի:
Որոշվել է քանդել շենքի կանգուն մասը` մոտեցող Էլզա արևադարձային փոթորկի պատճառով, որը սպառնում է տեղում աշխատող փրկարարներին: