Սահմանադրական դատարանում երեկ սկսվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների քննությունը:
Դրանք, Սահմանադրական դատարանի որոշմամբ, միավորվել ու քննվում են մեկ նիստում:
Երեկ բարձր դատարանի անդամները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ քննարկելու հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրելու՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի առաջարկը:
Նա պնդել է, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը նշանակվել հունիսի 20-ը:
Սահմանադրական դատարանի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մասնակցում են հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ դիմած 4 քաղաքական ուժի դիմումով որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն: