Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր սկսվել է հունիսի 20-ի խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: Այն սկսվել է «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությամբ, ըստ որի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը:
Միջնորդությանը միացել է նաև «Հայաստան» դաշինքը: Բարձր դատարանը մոտ 30 րոպե տևած քննարկումից հետո որոշել է հարցին չանդրադառնալ:
ՍԴ-ում այնուհետ սկսվել է բուն գործի քննությունը: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
Էդգար Շաթիրյան (ՍԴ անդամ) - Դիմումների ուսումնասիրության արդյունքներով փորձել եմ նաև համառոտագրել, թե համաձայն դիմողների՝ որոնք են գործի քննության շրջանակներում էական հանգամանքները:
Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշինքը, որպես այդպիսին, առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի օգտագործման հանգամանքները, ընտրությունների ընթացքում «Հայաստան» դաշինքի նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալների միջոցառումների իրականացումը, 23790 քաղաքացիների՝ ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, հետևաբար առանց համապատասխան տրամադրվող կտրոնի լուսանկարի առկայության, զորամասում հաշվառված 10993 ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի:
Արձանագրվել են, համաձայն դաշինքի, ուղղորդման դեպքեր, և համապատասխան տրամադրվող կտրոնը եղել է առանց լուսանկարի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ՝ 4 հավելվածների տեսքով: