Հայաստանի սպառողական շուկայում հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է որոշակի գնանկում: Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.4 %-ով:
Վերջինիս նպաստել են բանջարեղենի՝ 13.8%-ով և մրգի՝ 5.6%-ով գնանկումները: Նվազել են նաև ձվի և շաքարավազի գները:
Նախորդ ամսվա համեմատ թանկացել են խոզի միսը, իշխան ձուկն ու արևածաղկի բուսական յուղը: Մրգի և բանջարեղենի շուկայում նվազել են խնձորի, բանանի, կիտրոնի, լոլիկի, վարունգի և կարտոֆիլի գները: Գրեթե կրկնակի թանկացել է կաղամբը:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գները գրեթե չեն փոխվել: Ամենաշատ գնանկում հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.9%-ով: Չնայած սպառողական շուկայում որոշակի գնանկում կա, սակայն տարվա կտրվածքով գնաճային ֆոնը պահպանվում է՝ նախորդ տարվա համեմատ կազմելով 6.5%:
Տնտեսագետ Արմեն Քթոյանը թանկացման հիմնական պատճառ է համարում գների աճը համաշխարհային շուկայում:
Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ Հայաստանի տեսակարար կշռում մեծ թիվ է կազմում ներմուծվող ապրանքը, հետևաբար գինը թելադրում է միջազգային շուկան:
Գնաճից չեն խուսափել նաև հարևան երկրները: ԵԱՏՄ տարածքում նախորդ տարվանից մինչև այս տարվա մայիս ընդհանուր միջին գնաճը կազմել է 3.6 տոկոս:
Ի դեպ, Հայաստանի այս տարվա պետբյուջեում գնաճն ամրագրված է 4%-ի սահմանում, տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է մինչև 6%-ի սահմանում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան