Փոքր ու միջին բիզնեսին ֆինանսապես աջակցելու, ներդրումների աճը խթանելու նպատակով Հայաստանն այլընտրանքային ֆոնդ է ձևավորում։ Այն արդեն հիմնադրվել է Եվրամիության հետ, կառավարում է «Ամբեր կապիտալ» ընկերությունը։ Նպատակ են դրել ներդրվող 1 դոլարի դիմաց ստանալ առնվազն 2,9 դոլարի տնտեսական արդյունք։
Արդեն իսկ բանակցություններ են սկսել գյուղատնտեսության, IT, վերականգնվող էներգետիկայի, տեսքստիլի և արդյունաբերության 5 նախագծերում ներդրումային մասնակցություն ունենալու վերաբերյալ։ Խնդիրն այժմ հիմնադրամում հավաքագրված միջոցները մինչև ամառվա վերջ ավելացնելն է, որ հնարավոր դառնա ստանալ նաև հոլանդական բանկի խոստացած 7 մլն դոլարը: Կառավարության նիստում հարցը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։
Ավագ Ավանեսյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Առաջարկվում է՝ կառավարությունը ներդնի 7 մլն դոլար, հասցնի ընդհանուր ծավալը 45 մլն-ի, ինչի արդյունքում Հոլանդիայի պարտավորությունը փաստի է արդեն վերածվելու, և մենք ներգրավելու ենք արդեն ևս 7 մլն՝ հասանելի դարձնելով գումարները հայաստանյան զարգացող կազմակերպությունների համար:
«Ամբեր կապիտալը» կդառնա հայաստանյան երկրորդ՝ պետության մասնակցությամբ ստեղծված ներդրումային ֆոնդը՝ «Գրանատուս վենչուրից» հետո։ Մեր երկրում Ֆինանսական նման աղբյուրների պակաս կա, ինչի արդյունքում բիզնեսը մնում է բանկերի առաջարկած վարկերի հույսին և բարձր տոկոսադրույքի ու գրավի բացակայության պատճառով հաճախ չի կարողանում ընդլայնել գործունեությունը։ Հեռանկարային start-up-երը հիմա՝ այս ֆոնդերի ֆինանսավորմամբ, կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները՝ կարծում է փոխվարչապետի պաշտոնակատարը։
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար - Համոզված ենք, որ նման ֆոնդերի ձևավորմամբ ֆինանսների ներգրավման նոր գործիքներ ենք ստեղծում, ու դրանց հաջողությունը հնարավորություն կատ այլ ֆոնդերի ներգրավման:
Կառավարության այս նիստի ֆինանսական մեկ այլ նախագծով՝ բնապահպաններն իրավունք ստացան Սևանի ջրածածկ տարածքների մաքրման համար նախատեսված 208 մլն դրամից 132,5-ն ուղղել հատուկ մասանգիտացված մեքենամեխանիզմի ձեռքբերմանը, որի օգնությամբ լճից դուրս կբերվեն ջրում փտող ծառերի ու բուսականության մնացորդները։ Այդ գործն ստանձնած կապալառուն, պարզվում է, աշխատանքը պատշաճ չի կատարել։ Արդյունքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունում որոշել են ճահճացող հատվածների մաքրումն իրականացնել Սևան ազգային պարկի միջոցներով։