Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս մասին «Լուրերը» տեղեկացավ Սյունիքի մարզպետարանից։
Զաքարյանը լրատվամիջոցներին ասել է, որ հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է։
Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա տարեկան 18.000 դրամով 25 տարի ժամկետով Ագարակ համայնքի գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալության է տվել մի քաղաքացու, որն էլ հենց նույն օրը հողատարածքը տարեկան 600.000 դրամով երրորդ կողմին է տվել: 2008-ից մինչև 2021-ի հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350.000 դրամի փոխարեն վճարվել է ընդամենը 3.657.500 ՀՀ դրամ:
Զաքարյանին մեկ այլ քրեական գործով էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ, 2-րդ և 5-րդ կետերով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։