Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ սահմանապահ: Այս մասին հայտնում է Ղրղզստանի սահմանապահ գերատեսչությունը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ղրղզստանի սահմանապահների դեմ Տաջիկստանի սահմանապահների զինված հարձակման հետևանքով զոհվել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության սերժանտ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սահմանապահի մահվան հանգամանքները պարզվում են:
Նշվում է, որ նախնական տվյալների համաձայն՝ Տաջիկստանում նույնպես զոհեր ու վիրավորներ կան: Բիշքեկում հավաստիացնում են, որ Ղրղզստանը հանկարծակի հարձակման է ենթարկվել Տաջիկստանի սահմանապահների կողմից: