Նորակառույց շենքում հիփոթեքով ձեռք բերած բնակարանի համար մարդիկ շտապում են հետ ստանալ վճարած տոկոսները։ Տարվա երկրորդ եռամսյակը նոր է ավարտվել, բայց հարկայինում արդեն եկամտահարկի վերադարձի դիմումների հեղեղ է։
Պետեկամուտների կոմիտեում հաշվել են․ կառուցապատման կտրուկ ակտիվացման հետ հիփոթեքի սպասարկման տոկոսագումարների վերադարձի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Տուն առնողներին հունվարից հուլիս բյուջեն արդեն իսկ վերադարձրել է նախորդ տարիներից անհամեմատ շատ՝ ավելի քան 9 մլրդ 739 մլն դրամ եկամտային հարկ։ Ընդ որում, եթե 2018-ին ծրագրից օգտվել է ընդամենը 3363, նախորդ տարի՝ 9847 շահառու, վարկառու-համավարկառուների թիվն այժմ հասել է 16101-ի։
Այն անձինք, ովքեր հիփոթեքի տոկոսը փակում են աշխատավարձից վճարած եկամտային հարկով ու եռամսյակը մեկ արտոնությունից օգտվելու էլեկտրոնային դիմում գրում, այս ամսվանից պետք է նախապես ճշտել՝ ի՞նչ հասցեի ուղարկել նամակը՝ տեղեկացնում է հարկ վճարողների սպասարկման վարչության պետը։ ՊԵԿ-ի կայքում հուլիսի 1-ի հայտարարությամբ ցուցակ է տեղադրվել, որտեղ Երևանում կառուցվող 121 շենքի բնակարանատերերի համար դիմումը ներկայացնելու նոր մեյլեր են նշված։
Էլեկտրոնային դիմումը հարկայինի որ գրասենյակում էլ ստանան-մշակեն, ամփոփվելու է կոմիտեում ու նույն կարգով բավարարվի՝ բացատրում է Արմինե Հովսեփյանը։ Չնայած շինարարական ու հիփոթեքային բումը հիմնականում Երևանում է, ՊԵԿ-ը ստիպված է այս գործում նաև մարզային գրասենյակներին ներգրավել, որովհետև դիմումների կտրուկ աճի պատճառով հարկայինի մայրաքաղաքային աշխատակազմն այլևս ի զորու չէ նման քանակի հայտ ուսումնասիրել։
Արմինե Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - Առաջին անգամ է, որ այս մեխանիզմը կիրառվում է՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, բայց համակարգը, կարծում եմ՝ առաջիկայում կավտոմատացվի:
Մինչև ավտոմատացումը այս կարգն է գործելու։ Ի դեպ, եթե հիփոթեքի վարկառուն իր ապագա շենքը ՊԵԿ-ի նոր ցանկում չգտնի, նշանակում է՝ ինտերնետային նամակի հասցեի փոփոխություն չկա․ եկամտահարկի վերադարձի դիմումը պետք է ուղարկի նախկինի պես՝ նույն մեյլին։ Բացառություն են միայն ծրագրից առաջին անգամ օգտվողները․ հայտը նրանք պետք է ներկայացնեն անձամբ, թղթային տարբերակով։ Պարտադիր ճշտած, որ գործատուն վարձատրության հետ պարտադիր փախանցած լինի եկամտային հարկը։