«Նովայա վոլնա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու մասին Սարոյի հարազատներն ու ընկերներն իմացել են նրա սոցիալական ցանցի էջից: Երգիչն անկեղծանում է՝ դեռ վաղ հասակից երազել է ելույթ ունենալ մեծ բեմերում:
Սարո Գևորգյան («Նովայա վոլնա» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ) - Հայրս դեմ էր, որ ես երգեի, մայրս՝ չէ: Ու բոլորն ասում էին՝ տաղանդավոր ա, էս էրեխուն հետևեք: Միշտ սիրել եմ լավ երաժշտություն, մանկուց հենց վատ երգեր էին դնում, ես լացում էի, ասում էի՝ մի՛ դրեք իմ մոտ: Սենց վիդեոյի կասետներ կար, ես բեմ էի սարքում, ասում էի՝ «Եվրատեսիլի» բեմն ա:
Մինչ «Եվրատեսիլը», պետք է հաջողության հասնել «Նովայա վոլնայում»՝ վստահ է Հայաստանի ներկայացուցիչը: Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր մասնակից ներկայացնելու է երեք երգ: Ստեղծագործություններն ընտրել է, բայց չի ցանկանում փակագծեր բացել, պետք է զարմացնել թե՛ հայ հանդիսատեսին, թե՛ արտասահմանյան՝ ասում է Սարոն:
Սարո Գևորգյան - Ինձ համար արդեն շատ մեծ հաղթանակ է այդ մրցույթին մասնակցելը, այդ բեմում լինելը: Շատ լավ եմ տրամադրված: Ինչ մրցույթի որ մասնակցել եմ, հաղթողին միանգամից նկատել եմ, զգացել եմ, բայց հիմա շատ կենտրոնացած եմ ինձ վրա՝ զգում եմ, որ շատ լավ է լինելու:
Գերազանց վոկալ, տարբերվող կերպար՝ այս բանաձևն է ընտրել Սարոն միանգամից տպավորելու ու մրցույթում հաղթելու համար: Խոստանում է՝ հանդիսատեսին միայն դրական էներգիա է փոխանցելու:
Սարո Գևորգյան - Մրցույթից հետո պետք է լավ երգեր հանեմ, ճաշակով ու միշտ ձգտեմ ամենաբարձրին, ուզում եմ սիրված լինել հանդիսատեսի կողմից:
«Նովայա վոլնա» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 19-25-ը Սոչիում: Տարիներ շարունակ այն անցկացվել է Յուրմալայում, սակայն քաղաքական խնդիրների պատճառով, 2015 թվականից փառատոնն անցկացվում է Սոչիում՝ երբ Լատվիայի արտգործնախարարն արգելեց ռուսական մի քանի արտիստների մուտքը Լատվիա: «Նովայա վոլնային» այս տարի մասնակցում է 12 երկիր: Ավանդույթի համաձայն՝ ելույթ կունենան նաև ռուսական էստրադայի ամենահայտնի աստղերը՝ Իրինա Ալեգրովա, Գրիգորի Լեպս, Իգոր Կրուտոյ և ուրիշներ: