The Vibrant Information Barometer-ն ամենամյա ուսումնասիրություն է տեղեկատվության ստեղծման, սպառման և տարածման մասին, որը հրապարակում է ամերիկյան IREX հաստատությունը: 219 էջից բաղկացած հետազոտության մեջ անդրադարձ կա նաև Հայաստանում տեղեկատվության ապահովմանը: Զեկույցը փորձում է պարզել՝ որքան կենսունակ է լրատվությունն ուսումնասիրված երկրներում: Հայաստանում այն մասամբ կենսունակ է: Ադրբեջանն ամենացածր միավորներն ունի այս ցանկում:
Հայաստանն ստացել է ընդհանուր՝ 23 միավոր և իր տեղն զբաղեցրել մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում, որտեղ, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն:
Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությամբ՝ տեղեկատվության որակ, տարածման խողովակներ, սպառում ու ներգրավվածություն, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցություն: Այս ցուցանիշների հետազոտման արդյունքում երկրները բաժանվել են չորս պայմանական խմբերի՝ ոչ կենսունակ`ձախողված տեղեկատվական համակարգ ունեցող երկրներ, ոչ բավարար կենսունակ՝ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրներ, մասամբ կենսունակ` կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրներ և զարգացած տեղեկատվական համակարգ ունեցող երկրներ:
Տեղեկատվության կենսունակության մասին ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանում բականաչափ ֆինանսավորվող լրատվամիջոցները սովորաբար անկախ չեն, որովհետև դրանց հիմնադիրները լրատվամիջոցի գործունեությունը պայմանավորում են իրենց քաղաքական օրակարգով: Զեկույցն ընդգծում է, որ լրատվամիջոցների սեփականության, դրանց թափանցիկության ոլորտներում չի արձանագրվել որևէ բարելավում:
«Մեդիայի սեփականության թափանցիկությունը դեռ խնդիր է Հայաստանում, հետևաբար «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխությունների աջակցությունը կամ դրա փոխարեն նոր օրենքի ստեղծումն անհրաժեշտ է խնդիրը լուծելու համար: Քաղաքացիների համար պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը կախված է նրանց քաղաքական կողմնորոշումներից, խոսնակների անձնական հատկանիշներից, նաև հաղորդականության այն միջոցներից, որոնք օգտագործվում են պաշտոնական տեղեկատվության տարածման համար»:
Բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին Հայաստանում հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ: Մեծ էր նաև հանրային բևեռացումը՝ հատկապես նոյեմբերի զինադադարի կնքումից հետո: Չնայած բանախոսները համաձայն են, որ, ընդհանուր առմամբ, ազատ խոսքը շատ չի տուժել անցած տարում, COVID-19-ի հետ կապված իրադրությունը մեծ փորձություն էր մամուլի ազատության համար:
«Հայաստանը հետազոտվող չորս հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ոլորտում՝ ստանալով 28 միավոր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի կարիքներին, իսկ տեղեկություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտվում իրենց իրավունքներիից»:
Զեկույցի թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում հայտնվել են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Փորձագետներն արձանագրել են. պատերազմի շրջանում Ադրբեջանում ատելության խոսքի տարածումը դարձել էր սովորական: Այն զգացել են նաև հայերը՝ հիմնականում սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից:
«Ուսումնասիրության մասնակիցները համակարծիք են. երբ խոսքն ապատեղեկատվության և ատելության խոսքի մասին է՝ Ադրբեջանն անգերազանցելի է: Տարիներ շարունակ երկիրը տարածել է ապատեղեկատվություն՝ պետական մակարդակով»:
Հայաստանում, որպես խնդիր, առանձնացված են մեդիագրագիտությունը, թվային անվտանգությունը, ինչի լուծումը զեկույցի հեղինակները տեսնում են վերապատրաստումների, դասընթացների, դպրոցական և համալսարանական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ: