Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամրջից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1 մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
*****
Թուրքիայի կառավարությունն ամերիկյան լոբբիստական ընկերություններին ավելի քան 30 մլն դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի չորս տարվա կառավարման ժամանակ վարչակազմի վրա ազդեցություն գործելու համար՝ փոխանցում է Ahval-ը: Վճարված լոբբիստներից մեկն էլ եղել է Թրամփի սերտ դաշնակից և անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոր հետաքննություն է սկսել Ջուլիանիի՝ Թուրքիայի կառավարությանն ու թուրքական շահերը սպասարկելու գործով: Նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը 2016-2020-ը Ջուլիանիի իրավաբանական ընկերությանը վճարել է ավելի քան 5 մլն դոլար: Թրամփի մեկ այլ դաշնակից՝ Բրայան Բալլարդը, լոբբինգ է իրականացրել Թուրքիայի կառավարության ու Halkbank-ի անունից և վճարվել դրա դիմաց:
*****
Լիբանանի կառավարությունը խնդրում է Ռուսաստանին աջակցել իր տարածքում գտնվող սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալու հարցում: Հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժորժ Շաաբան: Նա բացատրել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Սիրիայի վերականգնման գործում և ի վիճակի է աջակցել փախստականների վերադարձին: Շաաբան նշել է, որ Լիբանանում շարունակվում է սուր քաղաքական և տնտեսական ճգնաժամը, և երկրում գտնվող 1,5 միլիոն սիրիացի փախստականները մեծ բեռ են Լիբանանի տնտեսության և անվտանգության ուժերի վրա: «Բացի այդ, նրանք կարող են օգտագործվել երկրում իրավիճակն ապակայունացնելու համար. Մենք նման օրինակներ տեսնում ենք աշխարհի այլ տարածաշրջաններում, օրինակ, Արցախում»,- ասել է Լիբանանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:
*****
Հազարավոր վարձկանների՝ Լիբիա, այնուհետև՝ Ադրբեջան ուղարկելուց հետո Թուրքիան այժմ էլ մտադիր է սիրիացի նոր վարձկանների ուղարկել Աֆղանստան, սակայն այս անգամ՝ պաշտոնական պայմանագրերով: Այս մասին հայտնում է է Al Arabiya-ն: Սիրիական իրավապաշտպան կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է սկսել սիրիական ընդդիմության գրոհայինների հետ, որի նպատակն է ոմանց ուղարկել Աֆղանստան, որպեսզի ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերի դուրսբերումից հետո իրականացնեն Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ ի տարբերություն Լիբիայի ու Արցախի՝ այս վարձկաններն աշխատելու են այլ պայմաններում: Նրանց պաշտոնական պայմանագրերով ծառայության կվերցնեն թուրքական անվտանգություն ապահովող ընկերությունները: Աշխատավարձը կտատանվի 2000-3000 դոլարի սահմաններում: Գործընթացը, հավանաբար, կսկսվի սեպտեմբերին, ինչը կվերահսկի թուրքական հետախուզությունը: