Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ երեկ արդյունավետ առանձնազրույց ենք ունեցել, որին հաջորդել է այսօր տեղի ունեցած կառուցողական հանդիպումը վարչապետի պաշտոնակատարի և հանձնակատարի միջև: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հայտարարության ժամանակ:
Նշվեց, որ այցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև ծավալած ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:
«Անդրադարձել ենք 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին: Ուզում եմ նշել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար: Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: