Իրանում արդեն տասը տարի է՝ հուլիսի 9-ին գրականասեր հանրությունը նշում է մանկապատանեկան գրականության օրը: Օրվա առթիվ Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնն ու «Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել են հանդիպում-քննարկում: Գրողները, հրատարակիչներն ու թարգմանիչները ներկայացնում են մանկագրության ոլորտի ձեռքբերումները, վերհանում խնդիրները, որոնք խոչընդոտում են հայ-իրանական գրական մշակութային երկխոսությունը:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Իրանն ու Հայաստանը բարեկամ ժողովուրդներ են ու մշակութային դարավոր խոր արմատներ ունեն: Այս հանդիպումն առաջինն է այսպիսի ձևաչափով, բայց ուզում ենք դարձնել ամենամյա ու երկու երկրներում փորձենք ակտիվացնել մանկագիրների միջև կապը: Ամեն տարի հաշվետու լինենք միմյանց, թե ինչ նոր համագործակցություն ունեցանք, կարծում ենք, որ դրա կարիքը կա:
Էմին Մկրտչյան («Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն) - Մանկական գրականությունը շատ հետաքրքիր է այսօր մեր ընթերցողներին, և երեխաներն էլ, կարծում եմ՝ հարևան երկրների մշակույթի մասին պետք է ժամանակին և տեղին ու ամբողջական գիտելիքներ ստանան, որպեսզի դառնալով հասուն քաղաքացիներ՝ կարողանան զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ:
Մանկապատանեկան գրականության օրն Իրանում պատահական ընտրված չէ: Այդ օրը Իրանի հայտնի մանկագիր Ազարի Յազդիի մահվան օրն է, որի ստեղծագործությունները թարգմանվել են նաև հայերեն: Թաբաթաբայի խոսքով՝ Իրանում մեծ ճանաչում ունեն նաև հայ գրողների հեքիաթները՝ հատկապես Հովհաննես Թումանյանի: Անհրաժեշտություն կա երկու երկրներում էլ խթանել նոր թարգմանությամբ գրքերի հրատարակումը:
Էդուարդ Հախվերդյան (բանաստեղծ, թարգմանիչ) - Երեխան եթե ճիշտ է հեքիաթներ լսում, լավ հեքիաթներ է լսում, մարդասիրական, այսպիսի հեքիաթներն են, որ իրենց դաստիարակում են: Մենք պակաս չենք ունեցել Թումանյանի, Ղազարոս Աղայանի և նման հեքիաթագիրների:
Իրանահայ թարգմանիչն ասում է՝ տարիներ առաջ նկատեց՝ իրանական մանկագրության առումով Հայաստանում շատ բան կա անելու, ուստի ստանձնեց մի շարք հեքիաթներ թարգմանելու առաքելությունը: «Ակնարկ իրանական և հայկական մանկական գրականությանը» խորագրով միջոցառման մասնակիցները գործակցության նոր եզրեր գտնելու հարցում կարևորեցին նաև երկու երկրների գրողների համատեղ հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: