Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին 2-3 ամիսների ընթացքում կառավարելի է: Պետք է անել ամեն բան, որ Հայաստանի՝ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա ներկայացրեց նաև կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակը:
«Մեզ բոլորիս մտահոգում է, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացիայի է ենթարկվում և ձեռք բերում նոր հատկանիշներ: Դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում: Այնուհետև Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման շրջանակում ի հայտ եկավ նաև հնդկական «Դելտա» շտամը, որը հիմնական շրջանառվող շտամներից մեկն է:
Ռուսաստանում ու Վրաստանում արձանագրվել են այդ շտամի դեպքեր: Ընթացիկ ընտրանքային հետազոտություններ ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք: Առաջիկայում էլ մեր կատարած հետազոտությունների արդյունքում երբ հայտնաբերենք նաև Հայաստանում, կներկայացնենք հանրությանը»,- ասաց Ավանեսյանը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ հնդկական շտամն առանձնանում է հիվանդության ընթացքի ծանրությամբ:
Այս տեսանկյունից նա նշեց, որ ամբողջ աշխարհում պատվաստումային գործընթացը չի ընթանում այն արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և հնարավորություն չտալ վարակին մուտացվելու: