Երևանն ու Բրյուսելը պատրաստ են զարգացնել հարաբերությունները: Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջընթացին ուղղված Եվրամիության ծրագրերի խոշոր փաթեթը գնահատում են որպես արձագանք՝ երկրում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական գործընթացներին: Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրի՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
Եվրամիությունը նոր ծրագրերով կնպաստի 44-օրյա պատերազմից տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի վիզաների ազատականացման գործընթացին, GSP+ համակարգի հետագա գործակցությանը:
Եվրահանձնակատարի հետ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման հարցում Եվրամիությունը մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Անդրադարձել են անցած տարվա ծանր մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված ծրագերին:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
Օլիվեր Վարհեի (Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար) - 9-10 մլն եվրո մարդասիրական օգնություն ենք համախմբել, որը շատ մոտ ապագայում կցուցաբերվիհակամարտությունից տուժած անձամնց: Եվրամիությունը պատրաստ է ակտիվ դեր ստանձնելհամակարտութուններին, մարտական գործողություններին հաջորդածիրավիճակում, հաղթահարելու հումանիտար ճգնաժամը:
Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները: Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ արդեն կա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզ՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից:
Մհեր Գրիգորյան - Ամփոփում ենք նաև 2021-2027 թվականների մեր երկկողմ տարեկան ծրագրերի շրջանակը, որտեղ նախատեսել ենք միջոցառումներ, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմադրողականության բարձրացմանը, կայուն և համաչափ զարգացմանը, կենսական ենթակառուցվածքների արդիականացմանը, ժողովրդավար և թափանցիկ կառավարմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսքով՝ այցի նպատակը տնտեսական և ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին:
Օլիվեր Վարհեի - Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ:
Ըստ եվրահանձնակատարի՝ իրենք պատրաստ են խոշոր ներդրումն օպերատիվ իրագործել Հայաստանի տնտեսության վերականգնման համար:
Օլիվեր Վարհեի - Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 մլրդ եվրո դրամաշնորհներ ամբողջ տարածաշրջանի համար, և ծրագրով հնարավոր է մեր միջազգային գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 մլրդ եվրո ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար: Բարեփոխման կարևոր ոլորտներ, որոնց միջոցով առաջիկա 4-5 տարում իրողությունը կարող է զգալի փոխվել Հայաստանի համար: Կլինեն աշխատատեղեր, աճ, ավելի ուժեղ ու դիմադրողունակ տնտեսություն:
Հայաստանին աջակցության ծրագիրը ներառում է տրանսպորտային կապերի բարելավում, հարավային շրջանների վերականգնում և դիմադրողունակության բարձրացում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին: