Անահիտ Պարզյան («Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն) - Տեսեք՝ այստեղ տարբեր երկրներն են, օրինակ՝ ընտրում ենք Հայաստան և այստեղ մուտք ենք գործում, գրանցվում ենք:
«Աշխատանք առանց սահմանների» ծրագրի կայքէջի գործարկմամբ՝ հուլիսի 1-ից ԵԱՏՄ անդամ հինգ երկրների աշխատանք փնտրողներն ու առաջարկողները միմյանց գտնելու հնարավորություն ունեն: Թվային օրակարգի շրջանակում միության անդամ երկրներն այս կերպ կակտիվացնեն զբաղվածության ոլորտում իրենց գործակցությունը:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ) - Ամեն երկիր ունի ինչ-որ տեղեկատվական համակարգ աշխատանք փնտրողների. ամեն երկիր ունի իր ունիվերսալ համակարգը, և այդ համակարգերը մեր դեպքում դա «Գործ» համակարգն է, որի տնօրինումը իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության կողմից:
Նախարարի տեղակալը ներկայացնում է ընթացակարգը. Հայաստանում գործատուն կամ աշխատանք փնտրողը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն:
Ռուբեն Սարգսյան - Հաշվառվում են որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող և ցանկություն հայտնում, որ իրենց տվյալները, կենսագրությունը հայտնվեն տվյալ համակարգում: Համապատասխան տվյալներ տրամադրելուց հետո հայտնվում է արդեն այդ հարթակում: Արդեն իրենք ինքնուրույն կարող են մտնեն և որոնեն իրենց նախապատվելի գործատուի մոտ դիմելու հնարավորությունը, ինչը ավտոմատացված է:
Հարթակի միջոցով կարելի է աշխատանք փնտրել նաև ըստ մարզերի: Հնարավորություն կա տարբեր արժույթներով աշխատավարձի փոխանակման:
Անահիտ Պարզյան- Հարթակը նաև յուրահատուկ է, որովհետև այն ունի բազմատեսակ ֆիլտրեր, որը հնարավորություն է տալիս ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանք գտնելուն: Դա, կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, ինչպես նաև քովիդի պայմաններում բավականին լավ հնարավորություն է:
«Նորք» տեխնոլոգիական կենտրոնը մշակել է ծրագրի հայկական հատվածը, ԵԱՏՄ պատասխանատու տեխնիկական կառույցի կողմից ստացել դրական արձագանք:
Անահիտ Պարզյան - Փաստորեն պետական ոլորտի տեխնոլոգիական կառույցը կարողանում է տարածաշրջանի մակարդակով մրցունակ, վստահելի և պատշաճ կերպով տեխնոլոգիական լուծում տալ: Սա նաև Հայաստանի համար է լավ, որովհետև հարթակի ֆիլտրերը աշխատում են ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հենց Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները նաև Հայաստանում կարող են գտնել աշխատանք և կամ առաջարկել. սա բավականին լավ հնարավորություն է:
Նշում է՝ մի քանի օր է, ինչ հարթակը գործարկվել է, աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների պակաս չկա:
Անահիտ Պարզյան - Շատ ուրախ ենք, որ կարող են ներգրավել սպեցիֆիկ ոլորտի աշխատակցիներ նաև ԵԱՏՄ քաղաքացիների շրջանակներում: Մասնավորապես, տարատեսակ՝ գինեգործության ոլորտի հետ կապված, ավելի տեխնիկական բնույթի աշխատանքներ:
Ռուբեն Սարգսյան - Սա վերջին պրոյեկտը չի ու ավելին: Զբաղվածության և աշխատանքային ոլորտում ևս մեկ պրոյեկտ արդեն սկսվել է, մշակվում է Հայաստանում ԵԱՏՄ երկրների շրջանակում, զարգացվող պրոցես է լինելու:
Զուգահեռ նախարարությունն իրականացնում է նաև զբաղվածության կարգավորման պետական մի շարք ծրագրեր: Համոզված են՝ նոր հարթակը նոր զարկ կլինի ու աշխուժություն կբերի զբաղվածության ոլորտում: