Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները։
Նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց հավաք է անցկացրել «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ:
Լրագրողների հետ զրույցում Արման Բաբաջանյանն ասել է, որ իրենք ՍԴ-ի դիմաց հավաք են անցկացնում, որովհետև կարծում են, որ «ինքնին դիմումներում, որոնք ներկայացվել են ՍԴ, անհեթեթ հիմնավորումներ են դրված»:
«Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև այս ՍԴ-ն մի անգամ կոնկրետ Քոչարյանին մարտի 1-ի պատասխանատվությունից է ազատել: Եվ հիմա, ըստ էության, ստանձնել է իր համախոհներին տված խոստումը՝ «կռելու» վերաբերյալ խոստումը չկատարելու համար այդ պատասխանատվությունից ազատելու գործը:
Բայց այս ամենը մեր ժողովրդի, ժողովրդի իշխանության դեմ սանձազերծած այս գործընթացը ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ, և մենք այստեղ ենք՝ ի պաշտպանություն ժողովրդավարության, որովհետև, թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանից և քաղաքական մյուս սուբյեկտներից հարգել այս արդյունքը և երկիրն անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»,- ասել է Արման Բաբաջանյանը: