ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ հարցեր է ուղղել նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանը: Նա, մասնավորապես, հետաքրքրվել էր հայ-ադրբեջանական սահմանից հայկական ու ադրբեջանական զորքերի հետքաշումից հետո սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ քննարկումների ընթացքի վերաբերյալ: Նա նաև հիշեցրել է Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով վերջերս հայ զինծառայող էր վիրավորվել:
Պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակն ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Դա սահմանի միջազգային իրավական սահմանագծման բացակայության հետևանք է: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վատթարացնում է կողմերի միջև փոխվստահության պակասը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այս հարցի կայուն և տևական կարգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման, այնուհետև՝ սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է»:
Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խորհրդակցությունների հարցում. ներկայում էլ շարունակվում են շփումները արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների միջև, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով: