«Մեգա Կրեդիտ», «Արմ Կրեդիտ», «Ռեալ Կրեդիտ». առանց ավելորդ քաշքշուկի, երաշխավորի, ցածր տոկոսադրույքով հարմարավետ պայմաններով Facebook-յան գայթակղիչ գովազդները խարդախությամբ 50 քաղաքացու ծուղակն են գցել՝ հափշտակելով տարբեր չափի գումարներ: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ, որոնց տվյալներն առայժմ հրապարակման ենթակա չեն, մշակել են հափշտակությունների հանցավոր սխեմա: Վստահելի երևալու համար Երևանի տարբեր հատվածներում վարձակալել են գրասենյակներ և իրենց դիմած քաղաքացիներին հրավիրել գրասենյակներ՝ գործարքի:
Թադևոս Նալբանդյան (ՔԿ ՀԿԳՎ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ) - Հիմնական պայմանները քաղաքացիներին բացատրել են գրասենյակ հրավիրելուց հետո:
Ներկայացրել են, թե, իբր, կարող են օգնել ինչպես վարկերի ստացման հարցում, այնպես էլ նրանց անվամբ տարբեր խանութներից ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու և մի քանի օրվա ընթացքում վաճառելու:
Թադևոս Նալբանդյան - Քաղաքացիների համաձայնությունը ստանալուց հետո նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, որտեղ վերջիններիս անվամբ ձևակերպված վարկային գումարները, ապառիկ եղանակով գնված ապրանքները վերցրել են՝ ներկայացնելով, թե, իբր, գումարները պետք է մուտքագրեն գրասենյակ, իսկ ապրանքները՝ վաճառեն, որից հետո կտրամադրեն պահանջված գումարները, սակայն ինչպես գումարները, այնպես էլ ապրանքները չեն վերադարձրել, այլ խարդախությամբ հափշտակել են:
Հանցավոր խումբը նաև իրենց դիմած քաղաքացիների անձնական տվյալներին է տիրացել և նրանց անվամբ գրանցել էլեկտրոնային դրամապանակներ, որոնց միջոցով վարկային կազմակերպությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ: Այս դեպքում ևս գումարները ոչ թե տրամադրել են քաղաքացիներին, այլ՝ փոխանցումների միջոցով կանխիկացրել են ու հափշտակել:
Թադևոս Նալբանդյան - 6 մեղադրյալից կազմակերպիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը: Մյուս 5 մեղադրյալին մեղադրանքներ են առաջադրվել կրկին խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար, իսկ, որպես խափանման միջոց, նրանց նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը վարկով գումար ստացող քաղաքացիներին հորդորում է՝ ավելի մեծ խնդիրներից խուսափելու համար դիմել բացառապես բանկերին կամ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին:
Թադևոս Նալբանդյան - Որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս համացանցում, չտրամադրեն որևէ մեկի:
Նախնական տվյալով՝ քաղաքացիներից հափշտակված գումարը կազմում է 20 միլիոն դրամ: Գործի անջատված մասն ուղարկվել է դատարան, իսկ հետախուզվող կազմակերպչի մասով նախաքննությունը շարունակվում է: