Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի:
Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել էր անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: