Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փաստել է, որ 2021 թվականը հարուստ է հոբելյաններով, որոնք վերաբերում են անշրջանցելի անունների՝ ականավոր երաժիշտների, անվանի մշակութային գործիչների: «Հոբելյանների այդ առատությունն անվանի ստեղծագործողների, մտավորականների ժառանգությունը ոչ միայն հիշելու և վերաիմաստավորելու, այլև պետական մշակութային քաղաքականության իրականացման մեխանիզմ և գործիքակազմ դառնալու հնարավորություն է տալիս մեզ՝ հանրահռչակելով արժեքներ, փոխանցելով ուղերձներ և ազդակներ այդ արժեքների վերաբերյալ:
Կյանքը ցույց է տվել, որ մշակույթն ամենազորեղ և կենսունակ գործիքն է հանրությանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու առումով»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել մշակութային միջոցառումների թերապևտիկ դերն ու նշանակությունը հանրության կյանքում:
Ըստ Ա. Խզմալյանի՝ մի կողմից հասկանալի է, որ կյանքը պետք է շարունակվի, որ մշակութային միջոցառումները պետք է տեղի ունենան, մեր արժանավոր, ականավոր հոբելյանների անունները պետք է կրկին հիշատակվեն ու նշվեն, իսկ մյուս կողմից դժվար է պահպանել հանդիսավորության և այն աշխարհաքաղաքական համայնապատկերի հավասարակշռությունը, որի համատեքստում ընթանում են այդ միջոցառումները.
«Սա պահանջում է զգոնություն, զգաստություն, իրավիճակի ճշգրիտ թելադրանք: Այո՛, այդ միջոցառումները տեղի կունենան, բայց պետք է լինեն այն ձևաչափի և տրամաբանության մեջ, որ չհակասեն հանրային լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին»:
Արա Խզմալյանի համոզմամբ՝ Առնո Բաբաջանյանն ու Էդվարդ Միրզոյանը, որոնց 100-ամյա հոբելյաններն են նշվում, անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային ստեղծագործական, այլև քաղաքացիական, հասարակական առումներով:
«Մեր մեծանուն հոբելյարներին նվիրված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է, մյուս մասն իրականացվում են, և ես մաղթում եմ, որ կյանքը շարունակելու, մշակույթի միջոցով տրամադրությունները փոխելու կամքը լինի ամուր և հետևողական»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել նախարարության ենթակայությամբ գործող ստեղծագործական կառույցների ղեկավարներին այդ կարևորագույն առաքելության գործում ներդրած ջանքերի համար:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նշել է, որ ֆիլհարմոնիան՝ «Առնո Բաբաջանյանի» անվան համերգասրահը, Մաեստրոյի հոբելյանի նշումը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի շիրիմին այցելությամբ և ծաղկադրման արարողությամբ, այնուհետև կոմպոզիտորի արձանի հարակից տարածքում տեղի է ունեցել հոբելյանական համերգ:
Նրա տեղեկացմամբ՝ տարեսկզբին նախատեսված մի շարք հոբելյանական միջոցառումներ, համավարակով պայմանավորված, տեղափոխվել են տարվա երկրորդ կես: Ֆիլհարմոնիայի տնօրենը նաև հույս է հայտնել, որ բոլոր միջոցառումները կիրականացվեն արդեն նախանշված ժամկետներում:
Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում հուլիսի 3- ից իրականացնում է բացօթյա համերգներ: «Բաբաջանյանը Երևանում» խորագրով համերգների ընթացքում հնչում են կոմպոզիտորի էստրադային ստեղծագործությունները: «Տարվա երկրորդ կեսին կանդրադառնանք Մաեստրոյի դասական ժանրի ստեղծագործություններին:
Ֆիլհարմոնիան տարբեր նվագախմբերի հետ համագործակցության ծրագրեր ունի, նախատեսում է աշխատել արտերկրի մենակատարների հետ: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Առնո Բաբաջանյանը միջազգային արտիստ էր, ուստի նրա հոբելյանը պետք է նշել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, բոլորն Առնո Բաբաջանյանին համարում են հարազատ կոմպոզիտոր»,- եզրափակել է Արտյոմ Նաղդյանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը նշել է, որ կենտրոնը նույնպես անմասն չի մնացել Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանական ծրագրերի իրականացման գործից և հուլիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կանցկացնի համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին:
Համերգը կիրականացվի Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։
Նրա տեղեկացմամբ՝ համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները։
«Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այդ համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլև նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը»,- ասել է ԿԵԱԿ տնօրենը և հավելել, որ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով առաջիկայում ԿԵԱԿ երաժշտախմբերը համերգներով հանդես կգան նաև Կապանում, Գորիսում և այլ քաղաքներում։
Անդրադառնալով Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառումներին՝ Նորայր Նազարյանը տեղեկացրել է, որ անվանի դաշնակահար Վահագն Հայրապետյանը Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները կմատուցի ջազային տարբերակով:
«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայրապետյանի տրիոն հուլիսի 27-ին հանդես կգան Սյունիքի մարզում՝ Կապանի մշակույթի տանը, հուլիսի 28-ին՝ Գորիսի թատրոնում: Համերգները կղեկավարի Ռոբերտ Մլքեյանը: Հուլիսի 31-ին համերգային նույն ծրագրով հանդես կգան Կամերային երաժշտության տան դիմացի բակում»,- հայտնել է Նորայր Նազարյանը և հավելել, որ հոբելյանական համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: