Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն:
ՀՀ-ում գործող այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ներկայումս ֆոնդի կողմից մոտ 31 մլն ԱՄՆ դոլար է ներգրավվել: Ըստ նախարարի տեղակալի՝ Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է ներդրում իրականացնել ֆոնդում 7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև ս․թ․ հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն ԱՄՆ դոլար չափով ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավվմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավվելուն։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության նախատեսում է 3 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն, իսկ մնացած 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: