Խորհրդարան չանցած արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստանը» թեև 2007-ից հետո առաջին անգամ խորհրդարանում չի լինի, սակայն կարող է լինել որպես ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կուսակցության ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման իր տեսլականը, լսել «Բարգավաճ Հայաստանի» տեսակետը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշռտոնակատար - Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի, մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ:
Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար - Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից՝ մենք խորհրդարանում ենք, թե ոչ, դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք:
Վարչապետի պաշտոնակատարը լսել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տեսակետը: Խաչատուր Քոքոբելյանի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է. թեև արտահերթ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել են, բայց բազմաթիվ մարտահրավերներ դեռ կան:
Ի՞նչ կարող է անել կառավարությունը, որ արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի դառնա: «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարի հետ հանդիպմանը հարց է ուղղել Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Ըստ Ձեզ, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը, մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա:
Մհեր Տերտերյան, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ - Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարան չանցած ուժերի հետ հանդիպմանը շեշտել է՝ այն կարծիքին չէ, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն առավել շատ ձայն ստացածները: Կառավարությունը պատրաստ է լսել և իրագործել նաև արտախորհրդարանականների լավ գաղափարները: