Ծանրաձողերը երկու օրից կլինեն Հայաստանում. Կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
«Ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում, և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել»,- ասաց Դումանյանը:
Հիշեցնենք՝ Կառավարության նախորդ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ խնդրին՝ տեղեկացնելով, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմի հետ հանդիպմանն իր համար անակնկալ կերպով պարզել է՝ միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեին: Փաշինյանը նշել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, ապա Դումանյանին հարցրել՝ ինչո՞ւ է երկու ամիս անց կայացվում որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը տեղում կլինեն՝ հաշվի առնելով, որ Օլիմպիական խաղերը կայանալու են 2021-ի օգոստոսին:
«Ուզում եմ պայմանավորվենք, որ չեմ հանդուրժելու նման գործելակերպը: Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ գնան ու հարցի լուծումը գտնեն: Հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»,- ասել էր Փաշինյանը: