Ժամանակին ասում էին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ոճն ազգային ավանդույթների ու նորարարական նոտաների միաձուլում է: Մտերիմ ընկերոջը՝ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին էլ մարդ-երաժշտություն էին անվանում: Այս տարի լրանում է հայկական երաժշտության երկու լեգենդների, երկու ընկերների 100-ամյակը:
Հայաստանում կոմպոզիտորիների հոբելյանները կնշեն համերգներով, կլինեն նաև այլ անակնկալներ: Մի քանի օր է՝ Երևանի բացօթյա տարածքներում Բաբաջանյան են լսում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ մշակույթի գերատեսչության հովանու ներքո, կազմակերպել է «Բաբաջանյանը Երևանում» համերգաշարը: Հնչում են կոմպոզիտորի էստրադային երգերը:
Արտյոմ Նաղդյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն - Ցանկություն ունենք տարվա երկրորդ կեսին անդրադառնալ նաև մաեստրոյի դասական ստեղծագործություններին: Արդեն ունեցել ենք համերգ Մասիս քաղաքում: Կատարել ենք Մաեստրոյի հանրահայտ տրիոն:
Համերգներ կլինեն նաև մարզերում ու Հայաստանից դուրս: Մարզերում համերգներ կանցկացնի նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Բաբաջանյանի գործերը՝ ջազային տարբերակով, կհնչեն Սյունիքի մարզում: Միրզոյանի 100-ամյա հոբելյանն էլ կնշեն Դիլիջանում: Համերգը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
Նորայր Նազարյան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն - Հայաստանի պետական նվագախումբն է հանդես գալու՝ Վան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Հնչելու են կոմպոզիտորի լարային կազմի համար գրված ստեղծագործություններից: Փոքրիկ ֆիլմ է լինելու իր մասին:
Վայրը պատահական չի ընտրված: Դահլիճը բարեկարգվել է հենց համերգի համար: Միջոցառումը նաև մեկենասներին՝ տարածքը ուշադրության կենտրոնում պահելու կոչ է:
Համերգների գեղարվեստական ազդեցությունը էֆեկտիվ է, բայց կարճ կյանք ունի: Զուգահեռ պիտի ձևավորվեն մնայուն արժեքներ՝ ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:
Արայիկ Խզմալյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Եթե մենք կարողանանք կարգի բերել Բաբաջանյանի անունը կրող համերգասրահը, կառույցը, որի վրա գրված է Առնո Բաբաջանյան, ստեղծենք համապատասխան ենթակառուցվածքներ, բարեկարգենք, շատ կարևոր կլինի:
Այս տարի նշվում է նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդարյանի 150-ամյակը: Հոբելյանական ծրագիրը պատրաստման փուլում է:
Սարգիս Բալբաբյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն - Նրա ստեղծագործական հավաքածուում կային ստեղծագործություններ, որոնք երբևէ չէին հնչել, սակայն գեղարվեստական բարձր արժեք էին ներկայացնում: Մենք հուլիս ամսին ձայնագրելու ենք ստեղծագործությունները: Մեծ մասը ձայնագրվելու են առաջին անգամ: Հիմա նոտաների թվայնացման պրոցեսի մեջ ենք:
Միջոցառումների կազմակերպիչներն ասում են՝ տարին դժվարություններով են սկսել, բայց հանդիսատեսին սպասում են հետաքրքիր միջոցառումներ: Կորոնավիրուսն ու հետպատերազմական վիճակը պետք է հաղթահարվի նաև նման քայլերով: