Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման երկրորդ փուլը: Ցանկացողները պետք է մինչև հուլիսի 13-ը համապատասխան դիմումը, բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, աշխատանքային ստաժի, դասավանդած առարկայի մասին տեղեկանքները ներկայացնեն նախարարություն կամ ուղարկեն էլեկտրոնային՝ [email protected] հասցեին։
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ունեինք ուսուցիչներ, որոնք դիմումներ էին ուղարկել սահմանված ժամկետից ուշ: Որոշեցինք հնարավորություն տալ այդ ուսուցիչներին՝ հաշվի առնելով, որ գիտելիքների ստուգումը սեպտեմբերին է նախատեսվում, դեռևս ժամանակ ունենք:
Առաջին փուլով սեփական նախաձեռնությամբ ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել է 1287 ուսուցիչ. 350-ը՝ Երևանից, 937-ը՝ մարզերից: Այսինքն՝ մինչև այս պահը կամավոր ատեստավորման ցանկություն հայտնել է շահառուների մոտ 11 տոկոսը։
Կամավոր ատեստավորում՝ 1287 ուսուցիչ
Արագածոտն՝ 63, Արարատ` 89, Արամավիր` 101, Գեղարքունիք` 116, Կոտայք` 112, Լոռի` 126, Շիրակ` 137, Սյունիք՝ 84, Վայոց ձոր՝ 20, Տավուշ՝ 89: Երևան՝ 350:
Ժաննա Անդրեասյան - Հատկապես ակտիվ են հայոց լեզվի և գրկրականության, մաթեմատիկայի ուսուցիչները: Ունենք բավարար թվով բնագիտական առարկաների ուսուցիչներ, որոնք դիմում են ներկայացրել առաջին փուլով մասնակցելու գիտելիքների ստուգմանը:
Փորձնական այս ծրագրով գիտելիքների ստուգման փուլով կարող են անցնել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն ու աշխարհագրություն դասավանդողները: Փոխնախարարը կրկին հիշեցնում է՝ սա ավելի բարձր վարձատրվելու լավ հնարավորություն է:
Ժաննա Անդրեասյան - Այն ուսուցիչները, որոնք կունենան 90 տոկոս արդյունք, կստանան 50 տոկոս հավելավճար, 80-90 տոկոսի դեպքում՝ 30 տոկոս հավելավճար, ցածր տոկոսի դեպքում հավելավար չի նախատեսվում:
Ուսուցիչների գիտելիքների ստուգման գործընթացը կիրականացնի գնահատման և թեստավորման կենտրոնը՝ սեպտեմբերին: Թեստի հանձնման ժամանակացույցն էլ պարզ կլինի մինչև օգոստոսի 20-ը: Գիտելիքի ստուգման փուլով անցած ու բարձր միավորներ ստացած մասնագետները հավելավճարներ կստանան նոյեմբեր ամսից: Նախատեսվում է արդեն հաջորդ տարի այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներին էլ հավելավճարներ ստանալու հնարավորություն ընձեռել: