Լայնածավալ պատվաստումների ապրիլի 13-ից սկսած գործընթացը առաջ է գնում, պատվաստվողների թիվը մեր երկրում հասել է գրեթե 100.000-ի: Նրանց շարքում են նաև օտարերկրացիները, որոնք մինչև օրս օգտվում էին նույն հնարավորություններից, ինչ ՀՀ քաղաքացիները: Վաղվանից կարգը կփոխվի: Որ պոլիկլինիկաներում հերթեր չգոյանան, առողջապահության նախարարի պաշտոնակատարի որոշմամբ օտարերկրացիները այսուհետև կարող են պատվատվել միայն շրջիկ կետերում: Ընդ որում՝ հուլիսի 15-ից մեր երկրում օտարերկրացիները կկարողանան պատվաստվել միայն այն դեպքում, երբ 10-ն օր և ավելի բնակվել են այստեղ: Նրանց կառաջարկվի միայն «Աստրազենեկա» պատվաստանյութը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Մենք շարժվում ենք մարդասիրական սկզբունքներից ելնելով և ընդհանրապես, պետք է նկատենք, որ շատ երկրներ են նույն սկզբունքով առաջնորդվում, որովհետև որևէ երկիր չի կարող ապահով լինել համաճարակային իմաստով, եթե իր շուրջը իրավիճակը նույնպես բարվոք չէ, և ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել և շարունակելու ենք:
Բայց դա չի նշանակում, որ օտարերկրյա քաղաքացիների պատվաստման աճի դեպքում նախարարությունն իր քաղաքականությունը չի փոխի՝ ասում է նախարարի պաշտոնակատարը և անդրադառնում մեկ այլ գործընթացի:
Երեկվանից քննարկվում է, թե ինչու Հայաստանում տրամադրված պատվաստման հավաստագիրը եվրոպական որոշ երկրներում չի անցնում: Ավանեսյանի հավաստմամբ՝ հարցը գերատեսչության ուշադրության կենտրոնում է: Խնդրով զբաղվում է նաև արտգործնախարարությունը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կորոնահավաստագրերի հաստատման խնդիր ոչ միայն Հայաստանը, այլև եվրոպական երկրներն ունեն:
Անահիտ Ավանեսյան - Եվրամիության ամեն երկիր պետք է ընտրի գործընթացն ավելի տեխնիկական հատվածի, թե ինչպես պետք է դա արվի, և մենք ԱԳՆ-ի հետ միասին իհարկե, աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները, և դա ոչ միայն իրենք, այլև մենք ենք ճանաչում:
ԵՄ-ն վերջերս Հայաստանում արված պատվաստումները Եվրոպական երկրներում ճանաչելու մասին որոշում կայացրեց: Սակայն որոշում կա, բայց ստորագրված համաձայնագիր՝ ոչ: «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի տնօրենն ասում է՝ միայն այդ դեպքում պատվաստման հավաստագրի QR կոդը կարող է նաև Եվրոպայում հասանելի լինել:
Ավետ Մանուկյան («Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի տնօրեն) - Մեզ ուղղակի անհրաժեշտ է, որ պետությունները համաձայնություն տան, որ այո, իրենք կընդունեն մեր գաղտնի բանալու փակված QR կոդերը և մենք իրենց տրամադրելու ենք բաց բանալին, որոնք իրավունք ունեն սահմանին ստուգելու և վերջ: Մեզ այս պահին նմանատիպ հայց՝ ինտեգրվելու, եկել է միայն Եվրասիական միության ծրագրից, ուրիշ ոչ մի երկրից կամ միությունից չի եկել:
Առաջիկայում այս ծրագրով Հայաստանն անխոչընդոտ կաշխատի միայն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ: Եթե համաձայնագրերն ավելի շուտ ստորագրվեն, «Արմեդի» տնօրենն ասում է՝ մինչև մեկ ամսում տեխնիկական հարցերը կկարգավորեն, QR կոդերն էլ Եվրոպայում հասանելի կդարձնեն:
Ավետ Մանուկյան - Սա այնպես է արված, որ եթե այլ երկրում պաշտոնատար անձը սկանավորի այս QR կոդը, նույնպես կգնա մեր պաշտոնական կայքէջ, ուղղակի այլ երկիրն այս պահին չունի մեզ հետ համաձայնագիր, որ վստահի, որ «Արմեդն» իրոք պաշտոնական կայքէջ է:
Ավետ Մանուկյանի խոսքով՝ մեր էլեկտրոնային համակարգն ու եվրոպական երկրների քովիդ ծրագրերը նախ պետք է հարմարվեն նոր իրողությանը, փորձարկվեն ու արդյունավետության ստուգում անցնեն: Հայաստանն օր առաջ մտադիր է և պատրաստ անցնել միասնական համակարգի: