Երեկ իրականացվել է 5093 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք. Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները:
«Մենք նկատում ենք թվերի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վերաբերյալ»,- ասաց Ավանեսյանը: Նա տեղեկացրեց՝ այսօրվա դրությամբ իրականացվել է 97 711 պատվաստում: «Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք այդ աճի տեմպը պետք է պահպանենք: Եթե 2-3 շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»,- ներկայացրեց Ավանեսյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց փաստը, որ երեկ արձանագրվել է մեկ օրվա պատվաստման ռեկորդային ցուցանիշ: «Երբ առաջին անգամ խորհրդակցություն արեցինք այս թեմայով, ասել ենք՝ նպատակ ունենք հասնելու օրական 3 հազարի ցուցանիշին: Բայց մենք այդ 3 հազարը հասանք, հիմա 5 հազարը հատել ենք: Ես ուզում եմ պայմանավորվել, որ այս ցուցանիշը չպետք է նվազի, այլ պետք է շարունակաբար առնվազն նույն մակարդակի մնա»,- նշեց նա: