Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատավորների թվաքանակը ևս 20 հոգով ավելացնելու նախագծին, ասել էր. «Թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալու մեր երազանքների դատական համակարգը»:
Բադասյանն անդրադարձավ նաև դատաիրավական բարեփոխումներին: «Դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք մեր վերջնական նպատակին»,- շեշտեց նա:
Բադասյանը նշեց, որ դատական համակարգում պետք է նոր դատավորներ հայտնվեն՝ կոտրելով փակ շղթան: «Համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, հետո դատական դեպարտամենտ գալու, որոշ ժամանակ անց այնտեղից գնալու, դատավոր դառնալու, համակարգի ներսում փոխկապակցվածություն ունենալու այդ փակ շղթան պետք է կոտրվի, և, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի: Կարծում եմ՝ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում՝ կլինի մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգից»,- ասաց նա: