Գերմանական SWR (էս-վե-ար) ռադիո-հեռուստատեսային ցանցը նոր բացահայտումներ է իրականացրել, թե ինչպես են գերմանացի քաղաքական գործիչները լոբբիստական գործունեություն իրականացրել Ադրբեջանի համար։ Դրա համար լրատվամիջոցը մեղադրում է կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցներին:
«Այս շաբաթ Կասպից ծովի բնական գազի հանքավայրում տեղի ունեցավ մեծ պայթյուն: Մինչև այդ, ՈՒԵՖԱ-ն երկրի մայրաքաղաք Բաքվում անցկացնում էր Եվրոպայի առաջնության ֆուտբոլի հանդիպումներ: Սա քննադատության առիթ է դարձել , քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտման և կեղծ ընտրությունների համար: Երկար ժամանակ Ալիևը կարիք չուներ անհանգստանալու իր կառավարության իմիջի համար, քանի որ գերմանացի քաղաքական գործիչները ուշագրավ հաճախականությամբ են պաշտպանում պետությանը: SWR-ի փաստաթուղթն այժմ լույս է սփռում դրա վրա»,-գրում է կայքը:
Ադրբեջանի լոբբիստները ճնշում են գործադրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության վրա Լեռնային Ղարաբաղի հարցով: Լրատվամիջոցը նշել է պատգամավորների անուններ, ներկայացրել փաստեր:
ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՊԿ-ԻՆ
«Տաջիկստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար: Պաշտոնական Դուշանբեի դիմումին նախորդել էին ՀԱՊԿ անդամ պետությանը սատարելու Մոսկվայի հայտարարությունները: «Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ օգնելու Տաջիկստանին սահմանին անվտանգության ապահովման գործում», - հուլիսի 6-ին ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Տաջիկստանի տարածքում տեղակայված է 201-րդ ռուսական ռազմաբազան, որն ամենամեծն է Դաշնության սահմաններից դուրս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել ռազմաբազայի կարողությունները Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով:
ՀԱՅԻԹԻԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ 4 ՎԱՐՁԿԱՆ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ
Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզի սպանությունից հետո 4 վարձկան ոչնչացվել է, ևս 2-ը՝ ձերբակալվել։ Պատանդ վերցված 3 ոստիկաններն ազատ են արձակվել։ Հայիթիի ղեկավարը սպանվել էր իր առանձնատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով։ Հրազենային մի քանի վնասվածք է ստացել նաև երկրի առաջին տիկինը, որ տեղափոխվել է Մայամի՝ բուժում ստանալու։ Հայիթիի իշխանությունը համարում է, որ հանցագործության հետևում կանգնած են զինված օտարերկրացիներ։ Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել։ Դոմինիկյան Հանրապետությունը փակել է Հայիթիի հետ սահմանը։ Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ դատապարտել են Հայիթիի նախագահի սպանությունը:
ԲՌՆԿՈՒՄԸ՝ ԴՈՒԲԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ
Դուբայի Ջեբել Ալի նավահանգստում առևտրային նավի վրա որոտացած պայթյունը կարող էր առաջանալ բռնկումից։ Խարսխված նավի բեռնարկղերից մեկում եղել են դյուրավառ նյութեր։ Al-Arabiya-ին հայտնել է Դուբայի կառավարության մամուլի ծառայության ղեկավարը: Նավի անձնակազմը ժամանակին տարհանվել է։ Նավում ռադիոակտիվ նյութեր չեն եղել, իսկ բռնկման պատճառ կարող էր դառնալ բարձր ջերմաստիճանը։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել։ Ավելի ուշ հրշեջներըկարողացել են վերահսկողություն տակ վերցնել իրավիճակը։ Տուժածներ չկան։