Արցախի Հարավ գյուղում տեղահանված ընտանիքներ են հաստատվում: Նոյեմբերից մինչև այսօր համայնքում 10 վերաբնակ ընտանիք են ընդունել, առաջինը եղել են Օհանջանյանները՝ Ակնաղբյուրից:
Իրա Օհանջանյան, տեղահանված - Շատ հյուրասեր, մարդկային ժողովուրդ են: Միայն տեղի կլիմային չեմ հարմարվում:
Տները նորոգվում են պետական միջոցներով, ժամակավոր տրամադրում կարիքավորներին: Համայնքի ղեկավարն ասում է՝ մարդիկ պատրաստակամ են: Ով ինչով կարողանում՝ օգնում է:
Անդրանիկ Ղազարյան, Արցախի Հարավ համայնքի ղեկավար - Տիրազուրկ տուն չունենք: Բոլոր տները տերեր ունեն: Տուն կա՝ տերը Ստեփանակերտում է, տուն կա՝ տերը գյուղում է ապրում: Բոլորը պատրաստ են տրամադրելու:
Օրեր հետո նաև մեծթաղերցի Ավետիսյանները կհաստատվեն Հարավում: Բազմանդամ ընտանիքի համար նախատեսված տունը գրեթե պատրաստ է: Ընտանիքի զինծառայող հայրն արդեն հասցրել է շփվել տեղացիների հետ:
Հունան Ավետիսյան, տեղահանված - Ընտանիքիս կեսն այստեղ է՝ Ստեփանակերտումը, կեսը՝ Էջմիածին քաղաքում: Երևի 10 օրվա ընթացքում կավարտեն աշխատանքները: Կգնամ, կբերեմ բոլորին: Հիմա ի՞նչ անեմ: Սա է իրավիճակը:
Նոր բնակիչների համար Հարավում ուրախ են, ասում են՝ շարժը համայնքում ամբողջովին փոխվել է:
Անդրանիկ Ղազարյան - Աշխուժացել է թե՛ գյուղի դպրոցի կյանքը, թե՛ մանկապարտեզը: Երեխաներն ավելացել են:
Ծնունդով Հարավից է Դավիթ Մինասյանը, տեղահանվել է Շուշիից՝ այնտեղ թողնելով ունեցածը, այդ թվում՝ փեթակներ և մեղվաբուծության ոլորտում պահանջված սարքավորումներ: Արդեն հասցրել է վերականգնել մեղվաընտանիքները:
Դավիթ Մինասյան, մեղվաբույծ - Եթե ներդրումներ չանենք ու բոլորս թողնենք գնանք, ո՞վ պիտի ապրի այս հողի վրա: Հիմա ինչ եղել, արդեն եղել է, պետք է առաջ նայենք, փորձենք ավելի մեծ մասշտաբով առաջ գնալ: Հետ գնալ չէ, չկա:
Մեղրից բացի մեղվաբույծ Դավիթ Մինասյանը նաև ծաղկափոշի, ակնամոմ ու մայրակաթ է առաջարկում գնորդներին: Մեղրի մի մասն, ի դեպ, իրացնում է Եվրոպայում: