Երևանից ու Վանաձորից հետո Արմավիրը Հայաստանի երրորդ քաղաքն է, որ դռները բացեց կրթամշակութային ռուսական կենտրոնի առաջ: Կենտրոնը տեղակայված է մշակույթի պալատում ու կահավորված է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով:
Դավիթ Խուդաթյան, Արմավիրի քաղաքապետ - Կենտրոնի ներկայությունը կարևոր է մեր քաղաքում, և ես ուրախ եմ, որ Արմավիրը միացավ Երևանին ու Վանաձորին: Հետաքրքրություն կա, նույնիսկ պայմանական շրջանավարտներ ունենք, որոնք ուսուցման պրոցեսն սկսել էին ոչ այս շենքում, բայց հնարավորություն ունեն շարունակել:
Սա սոսկ ռուսերենի ուսուցման կենտրոն չէ. Այն ռուսական մշակույթի տարածման հարթակ է, որ երիտասարդությանը մասնակից կդարձնի ռուս գրականության, մշակույթի ու արվեստի մասին քննարկումներին: Երկամսյա կուրսերն ավարտելու համար երեխաները սերտեֆիկատներ ստացան ռուս բարեկամներից:
Լուսինե Ալեքսանյան, Ռուսական կենտրոնի սան - Ռուսերենս զարգացավ, հետաքրքիր խաղեր ենք խաղում, ամեն օր նոր բաներ ենք սովորում:
Անյա Գրիգորյան, դասավանդող ուսուցիչ - Երեխաները հաճույքով են հաճախում կենտրոն: Այստեղ ոչ թե դպրոցական մակարդակի ռուսերեն են սովորում, այլ խորոցված՝ ներառելով ազգային մշակույթն ու պատմությունը:
Հայաստանի 15 քաղաքում՝ մոտ 250 երեխա արդեն ռուսական կենտրոններ է հաճախում: Դրանց աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ ասում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ղեկավարը:
Վահրամ Կարապետյան, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն - Ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում: Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն: Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավվել լեզվի մակարդակն ու ամրապնդել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը:
Կենտրոնում տարբեր խմբակներ են գործելու, իսկ ուսումնական նյութերի բազմազանությունն ուսանողներին հնարավորություն է տալու ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին՝ բոլոր ոլորտներում:
Սերգեյ Կոպիրկին, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան - Ռուսական կենտրոնները հայ ազգաբնակչությանը հնարավորություն են տալիս ուսումնասիրել ռուսերենը, շփվել ռուսական մշակույթին, կրթությանն ու պատմությանը: Ճիշտ է՝ այս կենտրոնն իր մասշտաբներով այնքան էլ մեծ չէ, բայց ինչպես չինացիներն են ասում՝ երկար ճանապարհներն սկսում են փոքր քայլերից: Նման նախագծերն ամրացնում են ոչ միայն մրջպետական հարաբերությունները, այլև կապը ժողովուրդների միջև:
Արմավիրցի երեխաները հյուրերի համար նաև երգ ու պար էին պատրաստել: