ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանում սպասվող նիստին, որի ընթացքում կքննարկվի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների հետ կապված 4 քաղաքական ուժերի դիմումը:
Բադասյանն ասաց, որ ինքը ՍԴ-ում լինելու է ներկայացուցիչներից մեկը: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի պնդումներին՝ Բադասյանն առաջարկեց ընթերցել ու համեմատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցները և՛ 2021 թ. արտահերթ, և՛ ՀՀ-ում անցկացված նախկին ընտրությունների վերաբերյալ:
«Այնտեղ կտեսնեք՝ գնահատականների ինչ էական տարբերություն կա: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2017 թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, կողմնակի ազդեցությունների մասին: Նա ասաց, որ այս ընտրությունների վերաբերյալ պետք է միմյանց շնորհավորեն, քանի որ դրանք ոչ թե իշխանությունների կամ ընդդիմության, այլ՝ ժողովրդի ձեռքբերումն են: