ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է պարեկային ոստիկանության ստեղծմանը:
«Այն սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է, ընդ որում՝ բառիս բովանդակային ու մարդկային ռեսուրսի իմաստով: Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ: Անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: 30 տոկոսն այն ոստիկաններն են, ովքեր իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ մասնավորապես Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը:
«Հիմա կա միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և նա քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով ըստ էության չի հաղորդակցվելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ ժողովրդից ստացել են մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի: