ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված միջազգային հանդիպումը՝ Աստանայի ձևաչափով: Բարձր մակարդակի 16-րդ միջազգային հանդիպումը կշարունակվի մինչև վաղը: Մասնակցում են երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդ՝ միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչները: Բանակցություններն սկսվելու են Սիրիայի խնդրով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի և Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանի կոնսուլտացիաներով:
ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՊԿ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԼԱՎՐՈՎ
ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում՝ այսօր ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովը հայտարարությունն արել է՝ ի պատասխան տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: Նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ որևէ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար:
7 ՕՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 3 ՏՈԿՈՍՈՎ
Աշխարհում նախորդ յոթ օրվա համեմատությամբ կորոնավիրուսի հիվանդացությունն աճել Է 3 տոկոսով, մինչդեռ մահացությունը նվազել՝ 7 տոկոսով և հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն անցած շաբաթ աշխարհում արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 միլիոն 680 հազար դեպք և գրեթե 54 հազար մահ: Անցած շաբաթ վարակման ամենամեծ քանակով նոր դեպքերի մասին ԱՀԿ-ին հայտնել են Բրազիլիան, Հնդկաստանը, Կոլումբիան, Ինդոնեզիան և Մեծ Բրիտանիան: Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սեյշելյան կղզիներում, Մոնղոլիայում, Կոլումբիայում: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում:
ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՒԼՈՒՄ Է. ԱՀԿ
Կորոնավիրուսի համավարակը շատ վտանգավոր փուլում է՝ չնայած դրա դեմ պայքարում համաշխարհային հանրության գրանցած առաջընթացին՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Գեբրեյեսուսը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը երկրներին օգնություն ցուցաբերելն է անհատական պաշտպանիչ միջոցների, թեստերի, դեղամիջոցների և պատվաստանյութերի արդար բաշխման ձևով։ ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ Աֆրիկայի, Ասիայի և ամերիկյան մայրցամաքի երկրներում հիվանդացության կտրուկ աճ է նկատվում:
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Վաղվանից Հունաստանում նոր սահմանափակումներ են գործելու: Իշխանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսը ակտիվ տարածվում է երիտասարդների շրջանում, պատճառներից մեկը ժամանցային ակտիվ կյանքն է: Վերջին տվյալների համաձայն՝ 10,3 միլիոն բնակչությամբ Հունաստանում արձանագրվել է COVID-19-ի 429 հազար դեպք։ 407 հազար մարդ ապաքինվել է, իսկ 12700-ը՝ մահացել։