Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կարևորում է նման քայլը՝ կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման տեսանկյունից:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին: Մինսկի խմբի իր գործընկերների հետ Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը»:
*****
15 հայ գերիների վերադարձը և Ադրբեջանին ականապատ տարածքների որոշ քարտեզների տրամադրումը ողջունել է նաև Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը գնահատել է նաև տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը:
«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը»։
*****
Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնը «Ղարաբաղի ճգնաժամից հետո Հայաստանի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները» թեմայով զեկույց է պատրաստել: Զեկույցում նշված է, որ չնայած Հայաստանի տնտեսությունը փոքր է, սակայն չպետք է անտեսել դրա հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկարամյա կայուն և առանց լարվածության քաղաքական հարաբերությունները: Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար լավ հնարավորություն են Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ու ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը: Հայ-իրանական առևտրային և տնտեսական կարողությունների օգտագործման համար զեկույցի հեղինակներն առաջարկում են նվազագույնը 20-ամյա գործակցության հուշագիր ստորագրել, որը Հայաստանում թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հիմքեր կստեղծի: Զեկույցում նշված է, որ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումների ֆոնին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու առևտրաշրջանառության աճն Անկարային և Բաքվին ուղերձ կլինի առ այն, որ հայ-իրանական սահմանն Իրանի համար շատ կարևոր է:
*****
Թեև Իրանը հունիսին հայտարարել է սեփական պատվաստանյութի՝ COVIran Barekat-ի, ինչպես նաև ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին, սոցիալական ցանցերի իրանական տիրույթում և իրանական մամուլում լուրջ քննարկումների առարկա է դարձել այն, որ Իրանի որոշ քաղաքացիներ անվճար պատվաստում ստանալու համար մեկնում են Հայաստան, Թուրքիա կամ ԱՄԷ: Լրատվականներ հայտնում են, որ այս ֆոնին աճել են դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների արժեքը: Ուշագրավ է, որ հնչեղություն ստացած այս թեման որոշ շրջանակների կողմից նաև քաղաքականացվում է: Համաձայն վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 88 հազարի շեմը: Անվճար պատվաստվելու հնարավորություն ունեն նաև Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները:
*****
OCCRP հետաքննական նախագիծը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միլիոնատեր զարմուհու պատմության երկրորդ հատվածը: Միքայելա Ջավ կեղծանվամբ ներկայացող դիջեյը Իզհադ Խանում Ջավադովան է՝ Ալիևի եղբոր դուստրը, որի կարողությունն էլ արժանացել է լրագրողների ուշադրությանը: Նրանք առանձնացրել են լոնդոնյան շքեղ առանձնատները, որտեղից լուսանկարներ է հրապարակում Ջավադովան: Նրան և ամուսնուն՝ Սուլեյման Ջավադովին, բրիտանական իրավապահ մարմինները հետապնդում են մոտ 20 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերման մեղադրանքով: OCCRP-ն բացահայտել է, որ Ալիևի զարմուհին և նրա ամուսինն ունեն 4 առանձնատուն Լոնդոնում, առանձնատներ Իբիցայում: Նրանց իրավաբանը պնդում է, որ ադրբեջանական լվացքատունն այնտեղ կապ չունի, զույգը փողը վաստակում է վարձակալության տրված անշարժ գույքից, ինչպես նաև կոնյակի ու շամպայնի գործարանից:
*****
Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպան Ահմեդ Սադիկ Դողանին՝ Թուրքիայի հատուկ նշանակության ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացու առևանգման հետ կապված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բիշքեկում հատուկ գործողության հետևանքով Օրհան Ինանդին տեղափոխվել է Թուրքիա, որտեղ նրան մեղադրում են ՖԵՏՕ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետ մեղսակցության համար: Առևանգված քաղաքացին ղեկավարում է Ղրղզստանում ուսումնակրթական կենտրոնների ցանցը, որտեղ, ըստ Անկարայի, գյուլենականության գաղափարախոսության քարոզչություն է իրականացնում: