Արաբկիր 51 փողոցում մի քանի օր է` շինարարական եռուզեռ է՝ բազմահարկ բնակելի շենք է կառուցվում: Տարածքում դեռ քանդման աշխատանքներ են: Նախկինում կաթսայատուն է եղել, այժմ սեփականատերը որոշել է բազմաբնակարան կառուցել, ինչին դեմ են հարակից շենքի և առանձնատների բնակիչները:
Անժելա Նազարեթյան (բնակիչ) - Այս երկու սեփական տների հարևանությամբ, այստեղ փողոցում, հաջորդ 2 բարձրահարկ շենքեր, օր է լինում՝ մենք չենք կարողանում երեկոյան 6-ից հետո այս մասով երեխա տանել-բերել, որովհետև եթե մեքենան հանդիպակաց գալի է, մայթ չկա, հնարավորություն չկա: Եվ այս նեղ հատվածում ինքը պատրաստվում է բազմաբնակարան շենք կառուցել, որքանո՞վ է դա բարոյական, երբ որ ամբողջ տարածքում մի խաղահրապարակ, մի այգի, մի զբաղեցման կենտրոն, ոչ մի հնարավորություն չկա:
Պնդում են՝ նոր շենքը իրենց տներից 2-3 մետր է հեռու ընդամենը, բնակիչներից Միշա Մելիքսեթյանը վստահ է՝ շենքը կառուցվեց, արևն իր տուն այլևս չի մտնի:
Միշա Մելիքսեթյան (Արաբկիր 51 փողոցի 14Ա տան սեփականատեր) - Երկրորդը՝ էս շենքը որ կառուցվում ա, դուք տեսե՞լ եք նախագիծը, առաջին 3 հարկը գնում ա սովորական էս պերիմետրով, դրանից հետո փռվածք ա գնում 2 մետրից ավելի կոնսոլներով, էդ կոնսոլը որ կախի, գալու ա անմիջապես իմ կրիշի վրա նստի: Վաղը-մյուս օրը ես որ ուզենամ մի հարկ էլ ավելացնեմ, բացառվում ա:
Կառուցապատողը բողոքներից տեղյակ է, պնդում է՝ փաստաթղթային խնդիրներ չունի՝ շինարարությունն օրինական է, փորձագիտական մի քանի եզրակացությունները՝ դրական: Արա Սարգսյանին պատկանող շենքը, ըստ նախագծի՝ 9 հարկ է ունենալու, որից մեկը ստորգետնյա, 8-ը՝ վերգետնյա: Քաղաքապետարանից պահանջել են, որ կառուցապատողը վերանայի պատշգամբների՝ հարակից տների տանիքներին հասնելու նախագիծը, ինչը ևս, Խուրշուդյանի պնդմամբ՝ փոփոխվել է:
Տիգրան Խուրշուդյան (փաստաբան) - Հեռավորության հետ պահպանվել ա նորմերը, և որ շենքը ինչ-որ բնակչի տան վրա է բարձրանում՝ նման խնդիր չկա: Նախագծով էդ բոլոր փոփոխությունները հաշվի առած վիճակով ա նախագիծը համաձայնեցվել, լուսավորության հետ կապված, հեռավորության հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են, նոր շինթույլտվությունը տրամադրվել ա մեզ:
Բնակիչները մինչդեռ պնդում են՝ կառուցապատողը խոստացել էր երեքհարկանի տուն կառուցել, ստացել է որոշ հարևանների համաձայնությունը, հետո եռահարկի փոխարեն բարձրահարկի նախագծով ներկայացել: Նախկին կաթսայատան դրկից Աստղիկ Պետրոսյանը պնդում է՝ ըստ սկզբնական նախագծի՝ տարածքում պետք է ձեռնարկատիրական նշանակություն օբյեկտ կառուցվեր, սակայն նախագիծը փոխվել է՝ առանց իրենց համաձայնության: Հիմա վախենում են, որ, լուսավորությունից բացի, նաև տների հիմքը կտուժի: Նախագծին ծանոթացել ու պարզել են, որ շենքից լայն ստորգետնյա ավտոկայանատեղ է լինելու:
Աստղիկ Պետրոսյան (Արաբկիր 51 փողոցի 12/1 տան սեփականատեր) - Մենք փորձագիտական եզրակացություն ենք վերցրել դատարանի համար, էստեղ խտությունը 1.6 պետք է լինի իրա 810 քմ վրա, բայց էստեղ 4.7 ա, որը բացարձակ նորմերին չի համապատասխանում: էստեղ ամբողջ ստորգետնյա ավտոկայանատեղի մակերեսը 586.5 քմ ա, իսկ կաթսայատան այս առանցքներից լինում ա մոտ 388 քմ, իսկ որ արդեն կոնսոլները բարձրանում ա 2.30, արդեն դառնում ա 453.6 քմ: Եվ ստեղ մուտք ա տված, էս մուտքը մենք չենք էլ կարողանալու դուրս գանք, մեր տունը ինքը թեքություն ունի, նախագծով ստեղ ավտոկայանատեղի մուտք ա, որ դուրս գանք, պիտի ընկնենք փոսը:
Ստորգետնյա ավտոկայանատեղի մասին խոսելով՝ Խուրշուդյանը մանրամասնում է՝ կայանատեղին լինելու է նորակառույցի տակ և հարակից տան հետնամասի իրենց պատկանող հողամասի ներքևում, չի մտնելու հարևանների տարածք, ինչի պատճառով հիմքերի թուլացումը Խուրշուդյանը բացառում է, բողոքներն էլ անհիմն է համարում:
Տիգրան Խուրշուդյան (կառուցապատողի ներկայացուցիչ) - Որ պետական մարմնում որ փաստաթղթի կամ նախագծի վերանայման հետ կապված պահանջ եղել ա, մենք դա կատարել ենք, պատուհան ա պետք եղել փակել՝ փակել ենք, մակերես ա պետք եղել փոխել՝ մենք փոխել ենք, բացվածքների հետ կապված, կոնսոլների հետ կապված, բոլոր տեսակի պահանջները, որոնք թե պետական իրավասու մարմինների թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվել ա, մենք դա կատարել ենք:
Բնակիչ-կառուցապատող վեճի երրորդ կողմը քաղաքապետարանն է, որտեղից ևս վստահեցնում են՝ եթե խախտում լիներ, շինթույլտվություն չէին տրամադրի:
Երևանի քաղաքապետարան - Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տալիս բացառապես տարբեր պետական կառույցների փորձագիտական դրական եզրակացության պարագայում: Այս պարագայում, եթե քաղաքապետարանը թույլատրել է շենքի կառուցումը, նշանակում է՝ փորձագիտական եզրակացությունը դրական է եղել:
Ո՞վ է ճիշտ՝ կպարզի դատարանը: Սեպտեմբերին առաջին նիստն է: