ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978-ին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր երկու կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:
Նույն մարզի Բյուրեղավան համայնքի տարածքում 1980 թ. տեղադրվել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» մոնումենտալ քանդակը՝ թիկնած մերկ աղջկա ֆիգուր՝ դեպի վեր ուղղված գլխով:
Նշյալ քանդակները ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով, ինչն առիթ է հանդիսացել, որ 2014 թ. քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» քանդակն արժևորվի և ստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
2019 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական միջոցների հաշվին մրցութային կարգով պատվիրակել և իրականացրել է վերոնշյալ մոնումենտալ քանդակների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:
2021 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ պետական միջոցներով սկսել են ընթանալ վերոնշյալ քանդակների վերականգնման, ինչպես նաև տարածքների բարեկարգման աշխատանքները (մրցութային կարգով):
Քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» քանդակի վերականգնումը հեղինակի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի հսկողությամբ և նախատեսվում են ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ: